ԲԴԽ-ում համր կինո կբեմադրվի, իսկ գլխավոր ռեժիսորը պրոցեսը կղեկավարի ընդհատակից

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ու նրա նախագահի կամայական ու կացնային որոշմամբ՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով վերանայման դիմումը ԲԴԽ-ում կքննվի սեպտեմբերի 17-ին՝ գրավոր ընթացակարգով։ ԲԴԽ-ից Փաստինֆո»-ին տեղեկացրել էին, որ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ է հայտնել, քննությունը կիրականացվի Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:30-ին։

«Շուստրին»

ԲԴԽ մամուլի խոսնակը հայտնել էր, որ 2024թ. սեպտեմբերի 3-ի «Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024թ. օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ՝ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը, և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին:

Կարդացեք նաև

Կարեն Անդրեասյանին թվում է՝ իր տողատակերը միայն ինքն է հասկանում, և երբ իր խոսնակին հանձնարարում է հատուկ շեշտել «ՔՊ»-ական պատգամավորների (Արսեն Թորոսյան, Վլադիմիր Վարդանյան,- Գ.Ս.)՝ այդ գործով հետաքրքրվելու մասին, դրանով վարկաբեկում է Դավիթ Հարությունյանին: ԲԴԽ նախագահը, սակայն, շատ լավ գիտի՝ իրեն ուղղված հարցերը ներթիմային գզվռտոցի արդյունք են սոսկ:

Ազգային ժողովի (ԱԺ) նիստում պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրել է դատավորի թեկնածուին ներկայացնող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, թե ո՞վ է արգելել դատավորին մասնակցել իր հարցի քննությանը ԲԴԽ նիստում: Հարցադրումն արվել էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) հայտնի որոշումից հետո:

ԱԺ ամբիոնում կանգնած Կարեն Անդրեասյանն էլ խուսափել էր պատասխանել պատգամավորի հարցին՝ անհեթեթ պատճառաբանություններով, ինչն էլ առաջացրել էր պատգամավորի դժգոհությունը, քանի որ նման վարքագծի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում խնդիրներ է ունենում:

Ամբիոնի մոտ կանգնած Կարեն Անդրեասյանը հրաժարվել էր պարզաբանում տալուց՝ ասելով, որ կարող է հետագայում մասնակցել տվյալ գործի քննությանը: Այսինքն՝ ըստ էության որևէ պարզաբանում կամ դիրքորոշում չէր հայտնվել, որը կարող էր ինքնաբացարկի հիմք դառնալ: Այսինքն՝ 2 ամիս առաջ ինքը բացատրություն չէր տալիս, որովհետև հնարավոր է՝ մասնակցի գործի քննությանը, իսկ հիմա չի մասնակցում, որովհետև 2 ամիս առաջ թեման մեկնաբանել է:

Պարզ է, որ ԲԴԽ նախագահի մանևրը մեկ նպատակ ունի՝ իր մշակած սցենարը Կարեն Անդրեասյանը ցանկանում է բեմադրել առանց իր մասնակցության:

Վերաքննիչի «աստղ» Արմեն Դանիելյանը՝ նիստը նախագահող

ԲԴԽ կոչվող պրոդյուսերական կենտրոնում փաստորեն հերթական տրագիկոմեդիան է նախապատրաստվում՝ Արմեն Դանիելյանի հրամանատարությամբ, որին պետք է մասնակցեն նաև ԲԴԽ-ի դատավոր անդամները:

ԲԴԽ-ում փաստացի նիստ է նախագահելու այդ հիմնարկը մինչև վերջ վարկաբեկելու համար ԲԴԽ անդամ դարձված Արմեն Դանիելյանը:

ԲԴԽ-ն ջանում է իր դեմ ՄԻԵԴ-ում նոր դիմում ստանալ

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան` ղեկավարվելով Վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումներով:

Բնականաբար, Վարչական դատավարության կանոններով պետք է իրականացվեր նաև ՍԴ որոշման հիման վրա ԲԴԽ դատական ակտի վերանայման վարույթը, այսինքն՝ պետք է վերացվեր այն դատական ակտը, որն ըստ Սահմանադրական դատարանի՝ կայացվել էր դատավորի հիմնարար իրավունքների խախտմամբ, և զրոյական կետից քննարկվեր կարգապահական վարույթի հարցը` կայացնելով նոր դատական ակտ:

Սակայն ԲԴԽ-ն որոշել է դեպի ՄԻԵԴ գնացող նոր դիմում ներկայացնելու առիթ տալ վերանայման դիմում ներկայացրած Դավիթ Հարությունյանին, քանի որ փոխանակ նորից քննություն իրականացնեն, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքրոշումները շրջանցելու եղանակներ են փորձում հորինել՝ դատավորի հետ նորից նիստում դեմ առ դեմ չհանդիպելու համար:

Հնարավոր չէ չնկատել, որ այս եղանակով նաև Կարեն Անդրեասյանին են հնարավորություն տալու՝ վերահսկելու ԲԴԽ անդամների վարքագիծը՝ անակնկալներ թույլ չտալու համար:

Իրավիճակի սրությունը նրանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման վերանայման պայմաններում Դավիթ Հարությունյանի լիազորությունները դե ֆակտո պետք է համարվեն վերականգնված մինչև կարգապահական վարույթով վերջնական որոշման կայացումը: Դրա համար էլ ԲԴԽ-ում հորինել են հարցի վերանայման միջնորդության քննարկման ներկայացում, որին չի ցանկացել անձամբ մասնակցել բեմադրող ռեժիսորը:

Իսկ դե ներկայացման մասնակիցներին բնութագրել երևի պետք չի, բայց դե դատական համակարգը պետք է ճանաչի իր անկախության երաշխավորներին.

Նիստը նախագահող Արմեն Դանիելյանին ներկայացնելու կարիք չկա. ինչ հարցեր կգրի, կտա «շեֆը», դրանք էլ կուղարկեն Դավիթ Հարությունյանին:

Մյուս «գիտնական» անդամների վարքագիծը չի տարբերվի:

Իսկ դե ԲԴԽ դատավոր անդամներն էլ պետք է մի կերպ համակերպվեն, որ հանկարծ իրենցից զեկուցագրեր չպահանջեն ընդմիջումից ուշ գալու կամ երեխային մանկապարտեզից վերցնելու թույլտվություն ստանալու համար օրինակ, սակայն հեղինակության այս ռեսուրսով այդ դատավորներն անելիք չունեն ոչ միայն ԲԴԽ-ում, այլև դատական համակարգում: Բայց մեզ մոտ իրենց բոլորի «շեֆի» ասած նշաձողն այնքան է իջեցվել, որ նման մանր բաների ուշադրություն չեն էլ դարձնում:

Սահմանադրական դատարանին «ծաղրելը» խոսում է ոչ թե ԲԴԽ անդամների հնարամտության կամ բարձր իրավական գիտելիքների մասին, այլ ընդամենը վկայում է ինստիտուցիոնալ մտածողության բացակայության մասին, որի արդյունքում սահմանադրական ինստիտուտը վերածվում է կենցաղային մակարդակ ունեցող հավաքավայր-զրուցարանի, որը կոչված է սպասարկելու արդարադատության նախարար-ԲԴԽ նախագահ ընկերների անառողջ ամբիցիաները:

Սահմանադրական դատարանի ապտակը ԲԴԽ-ին և դրա նախագահին` մարդու հիմնարար իրավունքները հարգելու մասին կոչերով, կարծես թե ԲԴԽ նախագահի կողմից ընդունվել է՝ որպես անձնական վիրավորանք. ուղղակի վերջինս սովորություն ունի իր հարցերը լուծել այլոց ձեռքերով` դեռևս ՄԻՊ աշխատած ժամանակներից:

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով տեղի ունեցած խայտառակ գործընթացը` «ստվերային արդարադատություն» անվամբ, փոխարինվում է մեկ այլ ապօրինի գործընթացի, որը ղեկավարելու է ձևականորեն այս ամենի հետ կապ չունեցող բացարկված անձը:

Հետաքրքիր է, որ այս ամենին մասնակցող քրեական իրավունքի մասնագետները խնդիր չեն տեսնում այս ամենի մեջ: Ի վերջո, սահմանադրական առանցքային նշանակություն ունեցող ինստիտուտը, կոչված լինելով բարձրացնել դատական համակարգի հեղինակությունը, ԲԴԽ անդամների միջոցով անխնա ոչնչացնում է այդ բարոյական արժեքները:

Ինչևէ, հիշեցնենք, որ նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը, իսկ վերանայման գործընթացը կիրականացվի Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս