Դավիթ Հարությունյանը երեկ 37 էջից բաղկացած հարցեր է հղել ԲԴԽ-ին․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին 37 էջից բաղկացած հարցադրումներ է հղել ԲԴԽ-ին՝ իր վերաբերյալ գործի վերաբացման դիմումի քննության շրջանակներում։
Մասնավորապես, թեև գրավոր ընթացակարգը չի նախատեսում, սակայն, նկատի ունենալով, որ ԲԴԽ-ն, մերժելով գործի քննությունը բանավոր ընթացակարգով ՝ դռնբաց ռեժիմով իրականացնելու մասին դատավորի միջնորդությունը, արձանագրել է, որ Հարությունյանը զրկված չէ հարցեր տալու, միջնորդություններ և ապացույցներ ներկայացնելու հնաավորությունից, գրավոր հարցեր ներկայացվել են։ Մենք տեղեկացանք, որ 37 էջից բաղկացած հարցադրումների շրջանակներում Հարությունյանը հարցադրումներ է հղել նաև կողմին՝ արդարադատության նախարարությանը։
Ներկայացված հարցերից մեկով, օրինակ, Հարւությունյանը հիշեցրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դիտարկումը՝ կապված գործի վերանայման դիմումի կապակցությամբ ԲԴԽ-ի ուղարկած ծանուցագրի հետ, թե ՍԴ-ն իր որոշման շրջանակներում գնահատական չի տվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության կամ բացակայության կամ տույժի տեսակի համաչափության հարցերին և պնդում է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի որոշմամբ ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ և գործի քննության ընթացքում նախարարության ներկայացուցիչների հայտնած դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ դատավորը հիշեցրել է նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի՝ հարցազրույցներից մեկում հայտնած դիրքորոշումը, թե ՍԴ-ն անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնց անդրադառնալու լիազորությունը չուներ: Նշված հարցազրույցը սոցիալական ցանցերում «հավանել» է նաև Գրիգոր Մինասյանը, ուստի, դատավորը ցանկանում է պարզել, թե արդյոք Մինասյանն անհամաձայնություն ունի խորհրդականի գնահատականների հետ, թե ՍԴ-ն սահմանազանցում է թույլ տվել, եթե այո, ապա ինչպիսի։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։
Մասնավորապես, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։
Հ․ Գ․ նշենք, որ հրապարակումն արդեն պատրաստ էր թողարկման, երբ հոկտեմբերի 1-ին պարզվեց, որ ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։