Տիկտոկեր Կարեն Անդրեասյանը սոցցանցերում ատելություն է գեներացնում դատավորների նկատմամբ
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… Ցանկը կարելի է շարունակել:
Բայց հիմա երևի արդեն իշխանությանը, մասնավորապես՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին Արտուշ Գաբրիելյանն այլևս պետք չէ:
Վերադառնանք կարգապահական վարույթին:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը, ներկայացնելով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը, նշեց, որ պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Լեբեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Դատավորը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետն անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որպեսզի նիստն ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախչել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։
«Բախվում ենք մի իրավիճակի, երբ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին խուսափել է և չի ենթարկվել պատասխանատվության, գտնում ենք, որ մեղքը դատավորի վրա է, քանի որ դատական նիստը նշանակել է այնքան ուշ, որ վրա է հասել ձերբակալման 72 ժամի լրանալու պահը։
Դատավորը պարտավոր էր գիտակցել իր արարքի վտանգավոր հետևանքները, չնայած տվյալ իրավիճակում չի գիտակցել և կարծել է, թե հերթապահության ներգրավված լինելով՝ կարող է շաբաթ-կիրակի օրերին չներկայանալ աշխատանքի»,- կարգապահական վարույթի քննության ժամանակ ասել է արդարադատության նախարարի՝ ԲԴԽ-ում մշտական ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը։
Արտուշ Գաբրիելյանը համաձայն չէր, որ ինքը շաբաթ-կիրակի օրերին աշխատանքի ներկայանալու պարտավորություն ուներ:
Հիմա ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում է, և օրերս կհրապարակվի Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ որոշումը:
Այդ ընթացքում, սակայն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ժամանակն իզուր չի կորցնում:
2022թ.-ից Տիկտոկի ակտիվ օգտատեր ԲԴԽ նախագահը տեսանյութ է տարածում Տիկտոկում, որի ներքո դատավորի նկատմամբ ատելության խոսք է գեներացվում մեկնաբանություններում, որոնք ինքը չի էլ ջնջում:
Այսինքն՝ գտնվելով որոշում կայացնելու փուլում, հանրության շրջանում բացասական տրամադրություններ է մոբիլիզացնում ԲԴԽ նախագահը կոնկրետ դատավորի անվան շուրջ: Այս կերպ Կարեն Անդրեասյանը գործերի հանրային հնչեղությունն է փորձում բարձրացնել՝ դատավորների հասցեին հայհոյանքներ հավաքագրելով ու ամրագրելով:
Պետության հաշվին Տիկտոկում գովազդային տեսանյութեր տեղադրող Կարեն Անդրեասյանը, իհարկե, կարող է ասել, որ ինքն իր ռիլերը բյուջեի հաշվին չի անում, Տիկտոկի էջն էլ միայն ինքն է վարում, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի ջնջում վիրավորանքներն ու նաև իր հասցեին գրված, մեղմ ասած, ոչ հաճելի մեկնաբանությունները: Էլի հարց կարող է առաջանալ՝ իսկ ո՞վ է անում տեսանյութերի մոնտաժը, վիդեոպրոդուկտի հետ կապված մյուս աշխատանքները:
Կարեն Անդրեասյանը չի կարող նաև ասել, որ ինքն այդ էջի հետ առնչություն չունի, որովհետև այնտեղ առկա հենց առաջին տեսանյութն ընտանեկան արխիվից է, իր երեխայի մասնակցությամբ:
Ի դեպ, հատուկ Արտուշ Գաբրիելյանի հետ կապված՝ նա նաև ֆեյսբուքում է տեսանյութ տեղադրել:
Թե ինչ կլինի դատավորի հետ, պնդել չենք կարող, բայց, որ իր շուրջ տեղի ունեցողից Արտուշ Գաբրիելյանը պետք է հետևություններ անի, անվիճարկելի է, թեպետ որևէ վստահություն, իհարկե, այդ առումով չկա:
Հատկանշական է, որ երեկ նաև գլխավոր դատախազությունն էր հայտարարությամբ հանդես եկել դատավորի հնչեցրած դիտարկումների վերաբերյալ: