Այն իրողությունը, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահը սեր ունի կինոարվեստի հետ և սահմանադրական լուրջ առաքելություն ունեցող կառույցը վերածել է նկարահանման տաղավարի, հանրությունը տեսել ու տեսնում է, բայց որ ԲԴԽ անդամներին էլ կստիպեն կատակերգություն բեմադրել, այն էլ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման հիմքով ԲԴԽ որոշման վերանայման թեմայով, կարծես թե վկայում է Հայաստանում իրավաբանության և իրավունքի, ինչպես նաև «իրավաբան» կոչվող մասնագիտության սրընթաց վերացման մասին:
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… Ցանկը կարելի է շարունակել: