«Ամոթ» և «ՔՊ» բառերը նույն նախադասության մեջ չեն լինում. պետք է գենետիկ ցինիկ լինել, որ…Մամիջանյան

«Արցախը հանձնել է Նիկոլ Վովայի Փաշինյանը՝ հայտարարելով Արցախն Ադրբեջանի կազմում»,- այս մասին Արցախի Հանրապետության երևանյան ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետությունը ո՞ր պարագայում դարձյալ կբնակեցվի հայերով։

Մամիջանյանն ասաց, որ դրա համար կան շատ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ։ Պատգամավորի խոսքով՝ առաջին անհրաժեշտ պայմանը ՀՀ իշխանությունների կողմից նման հարցի և՛ ներքաղաքական, և՛ միջազգային օրակարգում բարձրաձայնումն է։

«Ո՞ւր է, մի շնչավոր չենք տեսնում իշխանություն կոչեցյալից, թող գան, տեսնեն՝ ինչ ենք կորցրել իրենց պատճառով, ինչն են հանձնել, գոնե դա թող գան նայեն, բայց դա իրենց չի հետաքրքրում։ Իրենք նորմալ հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունեն»,- ասաց Մամիջանյանը՝ շարունակելով, որ ՀՀ իշխանությունն այս հարցը չի դարձնում միջազգային քաղաքական օրակարգի մաս ոչ միայն այն պատճառով, որ չի ցանկանում, այլև այն պատճառով, որ գործոն չէ։

Նա թվարկեց, որ առանց ՀՀ ներկայացուցչի մասնակցության՝ որոշվում է ՀՀ ճակատագիրը, երբեմն հրավիրում են մասնակցելու ՀՀ ներկայացուցչին, երբեմն չեն էլ հրավիրում։

Կարդացեք նաև

«ՀՀ-ն տարածաշրջանում գործոն չէ, ՀՀ-ի հետ հաշվի էին նստում, հիմա մենք դարձել ենք միջազգային իրավունքի օբյեկտ, որն իր վրա կրում է վատագույն լուծումները, որոնք հրամցվելու են սրանց»,- մեկնաբանեց իրավիճակը Հայկ Մամիջանյանը։

Նրա որակմամբ՝ ընդդիմության անելիքն է օրուգիշեր, բոլոր հնարավոր ճանապարհներով, առանց հանգիստ առնելու՝ պայքարել դրա դեմ, դա այս պահին ակնհայտորեն հաջողության չի հասնում։ Մամիջանյանի խոսքով՝ քանի դեռ primeminister․am կայքում Փաշինյանի դեմքն է, ընդդիմությունը հաջողության չի հասել։
«Ընդդիմությունը հանրային այսպիսի միջոցառումներից մինչև յուրաքանչյուր քաղաքացու հետ հանդիպման հնարավորություն պետք է օգտագործի, յուրաքանչյուր զրույց, բացատրություն, որովհետև ՀՀ քաղաքացին իր բնույթով շատ խոհեմ և խելացի է, իրեն ընդամենը պետք է ճշմարտությունը հրամցնել, իսկ ճշմարտությունը նաև հասարակական մտածողության համատեքստում պետք է արձանագրենք, որ ՀՀ ամեն չորրորդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, դա ո՛չ տեխնոլոգիա է, ո՛չ քարոզ է, պարզապես մարդիկ նիրհից զարթնել են, մեզանից յուրաքանչյուրը պետք է այնպես անի, որ այդպիսիները շատանան»,- այսպես ձևակերպեց ընդդիմության անելիքը ՀՀԿ ներկայացուցիչը։

Անդրադառնալով Փաշինյանի այն մեղադրանք-արդարացումներին, թե Արցախը լուծարել է Արցախի նախագահ Շահրամանյանը, ում ընտրությունը ողջունել են ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահները, Մամիջանյանն ասաց, որ պետք է գենետիկ մակարդակով ցինիկ լինել, անհայրենիք լինել, որպեսզի սեփական սրիկայությունը վերագրես Արցախն իրենց զինվորական, իրենց մարտական ընկերների հետ շահած ու պահած մարդկանց։

«Ես երկար կարող եմ տարբեր ածականներ ներկայացնել, սակայն դրա համար պետք է լինել Նիկոլ Փաշինյան։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Շահրամանյանի վերաբերյալ վերջին ասուլիսում նրա հնչեցրած ցնդաբանություններին, ապա շատ պարզ կանդրադառնամ՝ այդ նույն ասուլիսի ընթացքում նա չորս պատճառ է բերել կամ իբր դեպք, թե երբ է իբր հանձնվել Արցախը՝ մե՛կ Լիսաբոնն է, մե՛կ Շահրամանյանի հրամանագիրն է, մե՛կ իշխանության փոփոխությունն է Արցախում, մե՛կ՝ մեկ այլ բան։ Արցախը հանձնվել է Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից, երբ ինքը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է»,- ասաց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս