Կրեմով զամբյուղիկներ
Բաղադրիչները՝
- 250 գ շերտավոր խմոր
- 375 մլ կաթ
- 125 մլ 20 տոկոս յուղայնությամբ սերուցք
- 4 ձվի դեղնուց
- 4 ճ/գ շաքարավազ
- 2 ճ/գ ալյուր
- 1 կիտրոնի կեղև
- դարչինի փայտիկի կեսը
- 1 ճ/գ վանիլային շաքարավազ
- մի փոքր աղ
- շաքարի փոշի կամ աղացած դարչին՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
Պատրաստեք կրեմը. հաստ հատակով կաթսայի մեջ խառնեք կաթը, սերուցքը, դեղնուցները, շաքարավազը, աղը և մաղած ալյուրն ու լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չմնան:
Ավելացրեք կիտրոնի քերած կեղևը, դարչինի փայտիկի կեսը և վանիլային շաքարավազը: Կաթսան դրեք թույլ կրակի վրա: Տաքացրեք կրեմը՝ անընդհատ խառնելով մինչև հասնի եռման աստիճանի: Ապա միանգամից հանեք կրակի վրայից, փայլաթիթեղով ծածկեք ու 40 րոպե թողեք, որ լրիվ հովանա: Ի վերջո պետք է խիտ կրեմ-պուդինգ ստանաք: Կրեմն անցկացրեք քամիչի միջով կամ պարզապես հեռացրեք դարչինն ու կիտրոնի կեղևը:
Շերտավոր խմորը ալյուր ցանած սեղանի վրա 2-3 մմ հաստության բացեք, վերածեք ռուլետի և 4 սմ հաստության 10-12 կտորների բաժանեք:
Ձախ ձեռքով վերցրեք խմորի կտորներից մեկը, աջով խմորի մեջտեղում անցք արեք այնպես, որ բարակ հատակով ու մի փոքր ավելի հաստ պատերով զամբյուղիկ ստանաք:
Զամբյուղիկները տեղադրեք փոքր ձևավոր տարաների մեջ:
Զամբյուղիկների 3/4-ով կրեմ լցրեք և տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ: Մոտ 15-20 րոպե թող թխվեն՝ մինչև կրեմը ոսկեգույն երանգ ստանա:
Զամբյուղիկները մատուցեք տաք վիճակում՝ վրան շաքարի կամ դարչինի փոշի ցանած:
Խորհուրդ: Կրեմը շատ մի լցրեք, ջեռոցի մեջ այն լավ փքվում է և կարող է տարայի կողքերից թափվել: