4,1 մլրդ դոլարի ոսկի է արտահանվել Հայաստանից

Հայաստանի տնտեսական իրավիճակը երբեք այսքան խեղաթյուրված ու բևեռացված չի եղել։ Տնտեսական ցուցանիշներից երբ հանում ենք ընդամենը մեկ ապրանքատեսակի ազդեցությունը, ամբողջությամբ փլվում են ոչ միայն տնտեսության «հաջողությունները», այլև արտաքին առևտրի և հատկապես՝ արտահանման անգամներով աճերը։

Սա այն է, ինչ թաքնված է մեր տնտեսության ու արտաքին առևտրի բարձր աճերի տակ։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, Հայաստանի այս տարվա արտաքին առևտուրը ռեկորդային տեմպերով աճել է։ Վեց ամսում հասել է 18 մլրդ դոլարի։

Անցած ամբողջ տարին կազմել է 20,7 մլրդ դոլար։ Այս տարվա վեց ամսում արդեն մոտեցել է դրան։

Կարդացեք նաև

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտաքին առևտրի շրջանառությունը կրկնակի աճել է։

Արտահանումը նույնիսկ ավելի շատ՝ 2,3 անգամով. շուրջ 3,4 միլիարդից հասել է 7,9 մլրդ դոլարի։

Թվում է, թե ունենք արտահանման աննախադեպ հաջողություն։ Մեկ տարում այսպիսի «առաջընթացը» չտեսնված երևույթ է։ Բայց դրա ամբողջ հմայքը թաքնված է մեկ ապրանքատեսակի մեջ։

Արտահանման 71 տոկոսից ավելին թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն են և թանկարժեք մետաղները, առավելապես ոսկին, որը դարձել է Հայաստանի այս տարվա ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ արտաքին առևտրի բարձր աճերի հիմքը։

Վեց ամսում Հայաստանից միայն 4,1 մլրդ դոլարի անմշակ կամ կիսամշակ ոսկի, ոսկու փոշի է արտահանվել. 403 մլն դոլարի՝ հունվարին, 920 մլն դոլարի՝ փետրվարին, շուրջ 1,2 մլրդ դոլարի՝ մարտին, գրեթե 1,1 մլրդ դոլարի՝ ապրիլին, 283 մլն դոլարի՝ մայիսին, և 241 մլն դոլարի՝ հունիսին։

Ոսկու արտահանումը, որը ներառված է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների մեջ, կազմել է մեր ամբողջ արտահանման կեսից ավելին։

Անցած տարի, երբ դեռևս չկար Հայաստանի միջոցով ռուսական ոսկու հայտնի տարանցումը, թանկարժեք քարերն ու մետաղները մեկ միլիարդի էլ չէին հասնում։ Վեց ամսում այդ ապրանքների արտահանումը եղել էր ընդամենը 693 մլն դոլարի շրջանակներում, որը կազմում էր արտահանման հազիվ 20 տոկոսը։ Այս տարի անցնում է 71 տոկոսից՝ 7,9 մլրդ դոլար արտահանումից՝ ավելի քան 5,6 միլիարդը։ Նախորդ տարվա համեմատ ծավալներն ավելացել են գրեթե 5 մլրդ դոլարով։

Այս գումարն է, որը երևում է Հայաստանի արտահանման ծավալների ավելացման տեսքով։

Մյուս ապրանքների մասով ունենք խոր անկումը։

Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները հանած, պաշտոնական տվյալներով, անցած տարվա առաջին կեսի շուրջ 3,4 միլիարդից՝ այլ ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել էր 2 մլրդ 688 մլն դոլար։ Այս տարի 7,9 մլրդ դոլար արտահանումից կազմել է 2 մլրդ 285 մլն դոլար։

Արտահանման 2,3 անգամ աճի պայմաններում՝ այլ ապրանքների արտահանումը Հայաստանից կրճատվել է 403 մլն դոլարով։

Սա է Հայաստանի տնտեսության իրական պատկերը։

Առանց թանկարժեք քարերի ու մետաղների, որը գերազանցապես վերաարտահանումների արդյունք է, ունենք արտահանման խոր անկում։

Անկումը հասնում է 15 տոկոսի։

Սրա մասին, սակայն, Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության պատասխանատուները երբեք չեն խոսում։ Ձևացնում են, թե իբր տնտեսական աննախադեպ հաջողություններ ու աճեր ունեն, բայց տակը ոչինչ չկա, ընդամենը մեկ ցուցանիշ հանելով՝ տնտեսական աճերի ամբողջ բուրգը կփլվի։

Հայաստանից այլ ապրանքների արտահանման 15 տոկոսանոց նվազումը, որն ունենք այս տարվա առաջին կեսին, կապված է՝ ինչպես նախորդ տարվա որոշ ապրանքների վերաարտահանման հնարավորությունների կորստի, այնպես էլ՝ հայրենական արտադրության ապրանքների արտահանման կրճատման հետ։ Հայկական արտադրության ապրանքները, հատկապես՝ ֆինանսական շուկայից թելադրված հայտնի խնդիրների պատճառով, գնալով անմրցունակ են դառնում արտաքին շուկաներում։ Եվ դա վերաբերում է, առաջին հերթին՝ պատրաստի սննդի արտադրությանը։

Պատրաստի սննդի արտահանումը, որը միշտ էլ եղել է մեր արտահանման երկրորդ խոշոր ուղղությունը՝ հանքարդյունաբերությունից հետո, 4,5 տոկոսով կրճատվել է։ Գուցե թվա, թե մեծ բան չէ, բայց չափազանց կարևոր է դրա տնտեսական արժեքն ու նշանակությունը։

Նվազել է կենդանական ծագման արտադրանքի, կենդանական և բուսական ծագման յուղերի արտահանումը։

Անկում կա քիմիայի ու դրա հետ կապված ճյուղերում արտադրվող ապրանքների արտահանման առումով, այն էլ բավական մեծ՝ գրեթե 31 տոկոսով։

Մեկ քառորդով կրճատվել է պլաստմասսե, ռետինե իրերի արտահանումը։

Գրեթե դադարել է փայտյա իրերի արտահանումը. կրճատվել է 88 տոկոսով։

Այլ ապրանքների մեջ նվազել է ոչ միայն հայկական արտադրությունների, այլև առանձին այնպիսի ապրանքների արտահանումը, որոնք վերջին շրջանում, համաշխարհային առևտրի սահմանափակումների պայմաններում, մատակարարվում էին Հայաստանի միջոցով։

Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային միջոցների մասին է, որոնք գնում էին ռուսական շուկա։

Հայաստանը տրանսպորտային միջոցներ արտադրող երկիր չէ, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն մի քանի «Սեպուհները», որոնք իշխանությունները քիչ էր մնում համաշխարհային մակարդակի իրադարձություն դարձնեին, բայց անցած տարվա առաջին կեսին Հայաստանից արտահանվել էր 386 մլն դոլարի տրանսպորտային միջոց։ Այս տարի արդեն տրանսպորտային միջոցների արտահանումը 80 տոկոսից ավելի կրճատվել է։

Կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել վերաարտահանման այս շղթայում։ Գործոնները տարբեր են եղել, բայց դա չէ էականը. Սա մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչու չի կարելի հույսեր կապել վերաարտահանումների վրա հիմնված աճերի հետ։ Դրանք ժամանակավոր երևույթներ են, որոնք, ինչպես հայտնվում, այնպես էլ արագ կարող են չորանալ։

Հիմա դա տեսնում ենք տրանսպորտային միջոցների վերաարտահանումների պարագայում, վաղը տեսնելու ենք թանկարժեք մետաղների, մասնավորապես՝ ոսկու պարագայում։ Արդեն նշանները կան։ Ու երբ դրանք սկսեն լիարժեք արտահայտվել՝ ակնհայտ կդառնա թե՛ մեր տնտեսության, և թե՛ արտաքին առևտրի ու հատկապես՝ արտահանման խղճուկ վիճակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս