Լոնդոնում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիև շփում, թե՞ ոչ․ ինչ սպասել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովից

Հուլիսի 18-ին պաշտոնապես բացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը բրիտանական Օքսֆորդշիրի Բլենհայմ պալատում։ 2022 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր առաջարկել ստեղծել նոր քաղաքական միություն, որում կարող են ընդգրկվել ԵՄ-ից դուրս գտնվող երկրները, օրինակ՝ Ուկրաինան։ «Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը կտևի մի քանի տարի, իսկ իրականում, միգուցե, մի քանի տասնամյակ»,- ասել էր Մակրոնը։

«Եվրամիությունը, հաշվի առնելով ինտեգրման մակարդակը և ձգտումները, կարճաժամկետ հեռանկարում չի կարող եվրոպական մայրցամաքի կառուցվածքայնացնելու միակ միջոցը լինել: Մենք պետք է ճանապարհ գտնենք մտածելու մեր Եվրոպայի, մեր միասնության, կայունության մասին՝ չթուլացնելով ԵՄ ներսում կառուցված մտերմությունը»,- ասել էր Մակրոնը։

«Ես դա կանվանեի Եվրոպական քաղաքական համայնք»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով, նման կազմակերպությունը «թույլ կտա եվրոպական ժողովրդավարություններին, որոնք հավատարիմ են մեր հիմնարար արժեքներին, նոր հարթակ գտնել քաղաքական համագործակցության համար, ինչպես նաև անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, ենթակառուցվածքների և մարդկանց տեղաշարժի ոլորտներում»:

Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովները տեղի են ունեցել Գրանադայում (2023 թ. հոկտեմբեր), Քիշնևում (2023թ. հունիս), Պրահայում (2022 հոկտեմբեր): Նիկոլ Փաշինյանը մասնակցել է բոլորին։ Գաղտնիք չէ, որ Պրահայի գագաթնաժողովը դարձավ ճակատագրական Արցախի Հանրապետության համար, քանի որ հենց այդ գագաթնաժողովի կուլիսներում կազմակերպված քառակողմ՝ Շառլ-Միշել-Էմանուել Մակրոն-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանն ու դրանից հետո Փաշինյանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի կազմում, և հետագա իրադարձությունները հանգեցրին Արցախից հայության բռնի տեղահանությանը և Արցախի հայաթափմանը։

Կարդացեք նաև

Այս տարվա միջոցառումը կվարի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր միջազգային դեբյուտը կատարած Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերը։ ԵՔՀ չորրորդ գագաթնաժողովին 2022 թվականին համայնքի ստեղծումից ի վեր կհավաքվեն ավելի քան 50 եվրոպացի առաջնորդներ: Սակայն եվրոպական Politico-ն գրում է, որ եվրոպական որոշ երկրների ղեկավարներ կարող են Լոնդոն չմեկնել, քանի որ նոր են վերադարձել Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, իսկ նախորդ ամիս երկու անգամ հավաքվել էին Բրյուսելում՝ ԵՄ Խորհրդի նիստերին մասնակցելու համար: «Անորոշ նպատակներ ունեցող գագաթնաժողովին մասնակցելն այնքան էլ գրավիչ չէ: Առաջնորդները երբեմն պետք է նաև տանը լինեն»,- ասել է եվրոպական կառավարությունը ներկայացնող Politico-ի աղբյուրը: Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն ավելի քան 45 երկրի ղեկավարներ: Սպասվում է, որ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ներկա կլինեն ներկայացուցիչներ ՆԱՏՕ-ից, Եվրոպայի Խորհրդից և ԵԱՀԿ-ից:

Լոնդոնում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Վերջինս հրաժարվել էր մասնակցել ԵՀՔ երրորդ գագաթնաժողովին իսպանական Գրանադայում, որտեղ եվրոպական համայնքը նախատեսում էր Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի,  ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Գրանադայում հանդիպումն անցավ առանց Ալիևի, և քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց հայտարարություն, որը ՀՀ իշխանությունները որակեցին մեծ հաղթանակ, թեև այդ հայտարարությունում ներառված որևէ կոչ լրջորեն չի ընդունվել ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի կողմից, իսկ բովանդակության մասին ոչ ոք չի հիշում այսօր։

Էրդողանն այս տարի ևս չի մասնակցի միջոցառմանը, սակայն նա մասնակցել էր ԵՀՔ գագաթնաժողովին 2022 թվականի հոկտեմբերին։ Ի դեպ, հենց այդ միջոցառման շրջանակում էր կայացել Փաշինյան-Էրդողան առաջին պաշտոնական հանդիպումը, ինչպես նաև շփումներ միջանցքներում Էրդողան-Չավուշօղլու-Փաշինյան-Ալիև-Օրբան-Բայրամով-Միրզոյան «ձևաչափով»։

Ըստ էության, կարելի է արձանագրել, որ ԵՔՀ-ի գագաթնաժողովները Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության շրջանակում բավականին բախտորոշ հանդիպումների ու բանակցությունների առիթ են եղել։ Ի՞նչ սպասել այս հավաքից, որին մասնակցելու են Ալիևն ու Փաշինյանը։

Եվրոպացի փորձագետ Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ սա թեթև եվրոպական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ շփումներ կազմակերպել, նախաձեռնություններով հանդես գալ, ապահովել կապ ԵՄ անդամ երկրների ու անդամակցության ցանկություն ունեցող, սերտ հարաբերությունների ձգտող երկրների հետ։ Այս առումով, նրա խոսքով, այս գագաթնաժողովում առանձնահատուկ կարևոր են Արևելյան գործընկերության մաս կազմող երկրները՝ հատկապես Մոլդավան, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։

Փորձագետի կարծիքով, սա հավելյալ եվրոպական հարթակ է, որը  ոչ պաշտոնական շփումների, անձնային կապեր հաստատելու հնարավորություն է տալիս։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ այս ձևաչափի կայացման փուլը համընկավ Հարավային Կովկասում հետպատերազմյան փոփոխությունների փուլին, ԵՄ ղեկավարները փորձել են օգտագործել ԵՀՔ գագաթնաժողովները հանդիպումներ կազմակերպելու, հարաբերություններ խթանելու համար, ինչը բնական է։ Գուցե ռեգիոնում զարգացումները միշտ չէ, որ դրական հունով են ընթացել, սակայն ԵՄ-ն փորձել է իր դրական ներդրումն ունենալ և նպաստել խաղաղության հաստատմանն իր քայլերի միջոցով, ընդհուպ՝ ուղարկելով դիտորդներ Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գագաթնաժողովից սպասելիքներին՝ Փաշինյանի շփումների և Հայաստանի հետ կապված միջոցառումների առնչությամբ, վերլուծաբանը գտնում է, որ քիչ հավանական է, որ տեղի ունենա բարձրաստիճան հանդիպում, երբ նման որևէ նախաձեռնության մասին չի հայտարարվել։ Թեև, նրա խոսքով, կլիներ տրամաբանական, որպեսզի նման բան կազմակերպվեր։ Սակայն Ս. Ստյուարտը չի բացառում, որ կուլիսային շփումներ լինեն։ Վաշինգտոնում, ըստ փորձագետի, նախարարների հանդիպումից հետո տրամաբանական կլիներ կազմակերպել բարձրաստիճան հանդիպում։ «Թեև հասկանալի է նաև, որ ներկայումս կողմերը նախարարների մակարդակով ընդամենը որոշ հարցեր են քննարկում, և գուցե ակնկալվում է, որ բարձրաստիճան հանդիպումը պետք է նախատեսված լինի համաձայնագրի վերջնականացումից հետո»,- ասաց նա։

Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին էլ իր հերթին՝ ասաց, որ սա կարծես ոչ պաշտոնական հարթակ է, որին մասնակցությունը պարտադիր չէ և ըստ ցանկության է։ Ուստի, նրա խոսքով, գուցե Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի վերջին հանդիպումներից հետո, որոնք բավականին ինտենսիվ էին, քչերը մասնակցեն այս գագաթնաժողովին։

«Մեր երկրների համար նմանատիպ յուրաքանչյուր միջոցառում էլ կարևոր է, որը հնարավորություն է տալիս հավելյալ հարցեր բանակցել միանգամից շատ ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ հիմնական թեման լինելու է Ուկրաինան, ելույթ է ունենալու Ուկրաինայի նախագահը, ԵՄ-ի ուշադրության կենտրոնում ևս Ուկրաինան է, սակայն, կարծում եմ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս կունենա բազմաթիվ հանդիպումներ։ Այն ամենի ֆոնին այն, ինչ տեղի է ունենում Վրաստան-Արևմուտք հարաբերություններում, բավականին կարևոր է լինելու, կարծում եմ՝ ԵՄ առաջնորդների համար սա հնարավորություն է Վրաստանի իշխանություններին կոչեր փոխանցել այն ամենի վերաբերյալ, որից կա դժգոհություն ԵՄ-ում։ Իհարկե, հնարավորություն է նաև վրաց իշխանությունների համար՝ բանակցել որոշումները, որոնք կայացնում են ԵՄ-ում՝ ի պատասխան Վրաստանի որոշումների»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, մեծ ուշադրություն կհատկացվի նաև հայ-ադրբեջանական օրակարգին։ «Ինչպես գիտենք, ԵՄ-ն վերջին տարիներին լուրջ ջանքեր է ներդնում այս ուղղությամբ։ Տեսնենք, թե ինչպես կօգտագործվի այս հնարավորությունը, թեև հենց այս փուլում որպես միջնորդ՝ ակտիվությունը Վաշինգտոնինն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս