ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, պատրաստ է նպաստել բանակցություններին:

Այս մասին ասացին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամները Հայաստանի ազգային ժողովում կայացած ասուլիսում:

«Միացյալ Նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ակտիվ ներգրավված կլինենք այդ գործընթացում: Եվ մենք աշխատում ենք գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ, որ կարողանանք արդյունավետ լինել և մեր ձայները լսելի դարձնել»,–ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը:

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պատրաստ են նպաստել բանակցություններին:

«Մենք՝ որպես դիվանագետներ, պատրաստ ենք նպաստել, միջնորդել բովանդակալից քննարկումներին այս դժվարին, բարդ քննարկումների ընթացքում: ԱՄՆ–ի ներկայացուցիչները պետք է փորձեն օգնել բանակցային գործընթացին, բայց լինեն պարզապես միջնորդ, ուղղակի նպաստեն, որ երկու կողմերը գան համաձայնության»,–ասաց Ուիքերը:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որ Հայաստանը դրսևորում է համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու են, նաև փորձելու են աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում:

Տեսանյութեր

Լրահոս