Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը:

Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:

Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը, որովհետև այն նորմերի կամ սահմանումների, ձևակերպումների և հայտարարությունների համահավաք փաստաթուղթ չէ, այլ պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերությունների ներդաշնակության և համակեցության գրված ու չգրված կանոնները երաշխավորող Մայր օրենք:

Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:

Այս առումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և մասնավորապես պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ մեր իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում տոկունություն և ամրություն, Հայաստանի Հանրապետությանը զարգացում, հզորություն և բարգավաճում»,- ասված է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս