Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան. գրքի շնորհանդես
2024 թ. հուլիսի 24-ին ժամը 18։30-ին «Անի Գրանթ հյուրանոցի» սրահում տեղի կունենա «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» (հատոր Ա.,Երևան, «Լուսակն», 1040 էջ) մեծադիր գրքի՝ աշխատասիրությամբ Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի և Անի Սարգսյանի երևանյան շնորհանդեսը։ Սույն ուսումնասիրությունը կատարվել է՝ համագործակցաբար Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստուտուտի և Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։ Գրքի խմբագրականկազմը՝ Վահրամ Շեմմասյան (ԱՄՆ), Վաչե Բրուտյան (ԱՄՆ), Ռուբեն Մելքոնյան, Միհրան Մինասյան, Ալեքսանդր Սաֆարյան, Սերգեյ Վարդանյան, Սեդա Գասպարյան, Վարուժան Պողոսյան։
Շնորհանդեսը կվարի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Բանախոսությամբ հանդես կգան ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ. դ. թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ. գ. դոկտոր, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դոկտոր, Ալբերտ Խառատյանը, պ. գ. դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, խմբագիր և հրապարակախոս Վաչե Բրուտյանը, պ. գ. թեկնածու պրոֆեսոր, Ալեքսանդր Սաֆարյանը և գրքի հեղինակները։
Գրքում առաջին անգամ ցուցակագրվել են և մանրամասն նկարագրվել 1938 թ.-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թ. Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության» արխիվի առաջին տուփի 634 վավերագիր (հայերեն, օսմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն)՝ համապատասխան ծանոթագրություններով։ Տասնմեկ տուփերում պահվող բացառիկ այս արխիվը մանրամասներ է հաղորդում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խորքային ուսումնասիրության համար՝ ներկայացնելով 1912-1922 թթ. պատմական ու աշխարհաքաղաքական առճակատումների մի բարդ ժամանակաշրջան, որի կործանարար կիզակետում էր հայտնվել հայ ժողովուրդը։ Արխիվում պահվող յուրաքանչյուր վավերագիր նաև մի դաս է Հայաստանի Հանրապետության ներկա բարդ արտաքին ու ներքին ճակատագրական իրողությունները ճիշտ վերագնահատելու համար։
Արխիվում են հավաքված Հայոց հոգևոր առաջնորդների, հայ և օտար քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, բազմաթիվ տեղեկագրեր, զեկույցներ և նամակներ, Առաջին աշխարհամարտից առաջ և հետո հայ բնակչության վիճակագրություններ, որբերի, բռնի իսլմացված ու առևանգված հայերի ցուցակներ, հայերի անշարժ գույքի բռնազավթումների և կոտորածների վերաբերյալ առաջնորդարաններից ուղարկված նամակներ, ականատեսների վկայություններ, թուրք ոճրագործների ցուցակներ, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում, Կիլիկիայում օսմանյան իշխանությունների՝ հայերի բնաջնջման ու բռնի տեղահանման հրամանագրեր, քեմալականների ոճրագործությունները փաստող վավերագրեր։ «Տեղեկատու դիւանի» բազմահազար էջանոց այս եզակի արխիվը ժամանակին ստեղծվել է որպես հայց՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչ-պատասխանատուներին ու հանցագործներին օրինական պատժելու և արդարությունը վերականգնելու համար։ Այս արխիվը Հայկական հարցի և Օսմանյանկայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան է։