Փախստականի կարգավիճակն արցախահայերին որևէ արտոնություն չի տալիս,  նրանք  միշտ լինելու են թիրախավորված թուրքական շահերը սպասարկող իշխանությունների կողմից. Արեգա Հովսեփյան

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։ Համապատասխան  որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան  ընդունել է 2000 թվականի դեկտեմբերի 4-ին, նպատակն աշխարհում փախստականների մասին իրազեկվածությունը բարձրացնելն էր։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը, ավելի քան 9 ամիս Արցախի Հանրապետությունն ու խաղաղ բնակչությանը տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություններ սկսեց, արդյունքում՝ արցախահայերը բռնի տեղահանվեցին, Արցախը ենթարկվեց էթնիկ զտման։ Մեծ դժվարությունների գնով ու կյանքին սպառնացող բազմաթիվ վտանգները հաղթահարելով՝ արցախահայերը տեղափոխվեցին Հայաստան:  ՀՀ կառավարության որոշմամբ արցախահայերը կանգնեցին երկընտրանքի առաջ. կամ պետք է դառնային ՀՀ քաղաքացի՝ հրաժարվելով Արցախի անձնագրից, կամ ստանային  փախստականի կարգավիճակ:  Արցախից բռնագաղթածների մի մասը ստիպված եղավ փոխել Աևցախում տրված ՀՀ քաղաքացու անձնագիրը և ստանալ   ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, քանի որ միայն այդ պայմանով նրանք կարող էին օգտվել որոշակի ծրագրերից, այդպես  որոշել էր ՀՀ իշխանությունը։

Փաստորեն, բռնի տեղահանված արցախահայերի մի մասն իրենց հայրենիքում ստացան փախստականի կարգավիճակ, որքանո՞վ են պաշտպանված նրանց իրավունքները, նրանք ունե՞ն հնարավորություններ իրացնելու իրենց իրավունքները։

168.am հետ զրույցում արցախցի Արեգա Հովսեփյանն անդրադառնալով այս հարցերին, նախ ասաց՝ այն, ինչ տեղի է ունեցել արցախահայերի հետ, ՀՀ պատմության մեջ մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումն է։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ արցախահայերը տասնամյակներ շարունակ հանդիսացել են և հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Հայաստանում չկա որևէ օրենսդրություն, որպեսզի արցախահայերին զրկեն քաղաքացիությունից, բայց հիմա փաստացի դա է տեղի ունեցել։ Համոզված եմ՝ երբ ՀՀ-ում լինեն ազգային իշխանություններ, ապա այդ որոշում կայացնողն ու այն իրագործողները պետք է կանգնեն դատարանի առաջ, որովհետև որևէ Կառավարության որոշում չի կարող վեր դասվել Սահմանադրությունից։ Սահմանադրությամբ արցախահայերը ՀՀ քաղաքացիներ են»,- նշեց Արեգա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ նախկինում Արցախի «070» կոդով անձնագիր ստացած արցախահայերը Հայաստանում տարբեր պետական հաստատություններում անցնում էին աշխատանքի՝ առանց որևէ խնդրի, օգտվում էին վարկերից, մեկնում արտասահման և երբևէ որևէ խնդրի չեն բախվել։

«Ասեմ ավելին՝ անգամ այսօր կան որոշ դեսպանատներ, որտեղ արցախահայերը վախով են դիմում, թե ինչպե՞ս կարող են նման կարգավիճակով մեկնել այս կամ այն երկիր, դեսպանատներից ասում են, որ «070» – կոդն իրենց համար քաղաքացիություն է, և ինչպես դիմել են նախկինում, այնպես էլ կարող են այսօր դիմել։

«Շատ դեսպանատներ շատ ավելի պրոհայկական դիրքորոշում ունեն, քան ՀՀ իշխանությունը։ Այնպես որ, իշխանությունների որոշումն ամբողջովին ապօրինի է, պարզապես այլ տարբերակ այժմ չունեն, քան կատարելու այդ որոշումը»,- հավելեց Արեգա Հովսեփյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ արցախահայերը փախստականի կարգավիճակով չեն կարողանում մասնակցել ՀՀ-ում ընտրությունների, անդամակցել որևէ քաղաքական կուսակցության և այլն։ Այսինքն՝ արցախահայերը մարդու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունից  զրկված են։

«Փախստականի կարգավիճակն արցախահայերին որևէ արտոնություն չի տալիս  այլ բնագավառներում, հակառակը՝ վնասում է, օրինակ, վարկեր ստանալու, արտասահմանյան որոշ երկրներ գնալու։ Գոյություն ունի աջակցության ընդամենը չոր ծրագիր, որ ամսական 50 հազար դրամ է տրամադրվում արցախահայերին»,- ասաց Ա. Հովսեփյանը։

Արցախահայերն արտոնություններին չեն տրվում, փոխարենը թիրախավորվում են ՀՀ իրավապահ մարմինների կողմից, եթե փորձում են մասնակցել   ՀՀ-ում ընթացող ներքին քաղաքական գործընթացներին: Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ այս դեպքում փախստականի կարգավիճակը կարող է խաղաքարտ դառնալ ՀՀ իշխանությունների ձեռքին.

«Կարծում եմ՝ այստեղ այնքան էական չէ արցախահայերի իրավական կարգավիճակի հարցը, որքան արցախյան հակամարտությունը և Արցախը՝ որպես այդպիսին։ Այնպես որ, այստեղ արցախահայերի կարգավիճակը մեծ դեր չի խաղում, իհարկե, սա կարող է իշխանությունների ձեռքին խաղաքարտ լինել. Ասեն՝ դուք փախստական եք, իրավունք չունեք որևէ բանի մասնակցել։ Բայց անկախ կարգավիճակից, արցախահայերը թուրքական շահերը սպասարկող իշխանությունների կողմից միշտ էլ լինելու են թիրախավորված»,- եզրափակեց Արեգա Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս