Գուցե իրավապահներն Արցախի բարբառը չեն հասկանում, կարող եմ անվճար թարգմանել. երևի պարոն Ավանեսյանի կալանավորման օրը Բաքվում հրավառություն էր. Արեգա Հովսեփյան
Ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։
Այսօր հայտնի դարձավ, որ հետախույզը բանտում հացադուլ է սկսել՝ բողոքելով կատարվող անարդարությունների դեմ։ Այս մասին տեղեկատվությունը հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
168.am-ի հետ զրույցում Արեգա Հովսեփյանն ասաց, որ Արթուր Ավանեսյանն ակնհայտ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։
«Այս ամենը քաղաքական բռնաճնշումներ են, նա այսօր կլասիկ քաղաքական բանտարկյալ է, որովհետև անգամ այն ձայնագրությունները, որոնք հրապարակվել են, ակնհայտ ցույց են տալիս, որ որևէ խոսք չկա ընտրակաշառքի մասին։ Երկու ընկերներ խոսում են ապագա Հայաստանի իրենց տեսլականի մասին, և պարոն Ավանեսյանը ներկայացնում է, որ ունենալու են հողեր, այսինքն՝ խաղաղություն, տարածքային ամբողջականություն, բնակարաններ, որը մեր ծրագրի մեջ է մտնում, դրա մասին մենք խոսում ենք։
Պարոն Ավանեսյանը խոսում է նաև աշխատավարձի, աշխատատեղերի մասին, մենք խոսում ենք 300.000 աշխատատեղերի մասին։ Նա ներկայացնում է մեր ծրագիրը շատ ավելի պարզ, մատչելի ու մարդկային լեզվով։ Այս ամենի մասին նա խոսում է Արցախի բարբառով, գուցե մեր իրավապահները խնդիր ունեն այդ բարբառը հասկանալու հետ կապված, ես կարող եմ անվճար նրանց համար գրական հայերենով թարգմանել, որպեսզի իրականությունը հասկանան»,- նշեց Արեգա Հովսեփյանը։
Նրա բնորոշմամբ՝ Արթուր Ավանեսյանի հետ այսօր տեղի ունեցողն անհիմն է, օրենքից դուրս, ուստի տեղի ունեցող անարդարության դեմ պայքարում է՝ դիմելով ծայրահեղ քայլի, հայտարարելով հացադուլ։
«Սա մեր ազգի խարանն է, մարդը 30 տարի ծառայել է իր հայրենիքին, եղել է թշնամու ահն ու սարսափը, այսօր Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Ալիևի ցանկությունը, և նրա երազանքը կատարել, որ կարող էր իրականություն դառնալ Նիկոլ Փաշինյանի միջոցով։
Այսօր տեսանք, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Հայաստան, սա մեր ահազանգերի մարմնավորումն է, երբ ասում են, որ 300.000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխման հարց են քննարկում։ Քայլ առ քայլ մարդկանց նախապատրաստում են այս ծրագրին»,- հավելեց Արեգա Հովսեփյանը։
Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ այս պահին Արթուր Ավանեսյանին կարող են տեսակցել միայն նրա պաշտպանները, նրանք վիճարկելու են Հակակոռուպցիոն դատարանի 2-ամսյա կալանքի որոշումը։
«Կալանքի միջնորդության ժամանակ պաշտպաններն առաջարկել են հնարավոր բոլոր այլ խափանման միջոցներ՝ գրավ, տնային կալանք, վարչական վերահսկողություն, բոլորը մերժվել են։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է, որովհետև նա Արթուր Ավանեսյանն է՝ լեգենդար հետախույզ»,- շեշտեց Ա. Հովսեփյանը։
Նա նաև ասաց, որ Արթուր Ավանեսյանի հետ բազմիցս խոսել է իշխանությունների կողմից այս հնարավոր բռնաճնշումների մասին, նա ավելի քան պատրաստ է եղել այս ամենին։
«Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանն ու հայրենիքի Կառավարության կողմից հայտնվում է բանտում՝ ցավալի է, այսօր ես զուգահեռ տարա Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացրած հացադուլի միջև։ Սա արժանապատվության հարց է, մենք՝ հայերս, այս իրականության մեջ ինչպես ենք մեզ զգում, չեմ կարծում, որ լավ ենք զգում, միայն ադրբեջանցիներն են իրենց լավ զգում, երևի պարոն Ավանեսյանի կալանավորման օրը Բաքվում հրավառություն էր»,- ընդգծեց Արեգա Հովսեփյանը։



