ԱՄՆ դեսպանատան հրահանգով հայաստանյան բանկերը միացել են հակառուսական պատժամիջոցներին. Ֆարմանյան

Արդեն մի քանի օր է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Կառավարության անդամները ոլորտ առ ոլորտ ներկայացնում են կատարված աշխատանքը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց՝ այս տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճ են արձանագրել, կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը, բարելավել են հարկային եկամուտները՝ հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Ստացվում է, որ ՔՊ-ական իշխանությունը մի կողմից՝ արձանագրում է կանխատեսվածից ավելի բարձր աճի մասին, մյուս կողմից՝ փաստում՝ Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, խոսելով բյուջեի հաշվետվության ու ՔՊ-ականների կողմից հաշվետվությամբ արձանագրած թվերը որպես ձեռքբերում ներկայացնելու մասին, առաջինը կոչ արեց թվերին չխաբվել, հիշել, որ այդ թվային ցուցանիշներն ամենևին էլ որակի և մեր տնտեսության պոտենցիալի մասին չեն խոսում, որովհետև փաստ է այն, որ չնայած այդ թվերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակը չի փոխվել՝ որոշ բացառություններով։

«Բացառությունն իշխանությունն է։ Փոխվել է իշխանության ներկայացուցիչների կյանքի որակը. տեսնում ենք, որ պետական միջոցները վատնվում են, բայց իշխանություններից բացի, որևէ այլ քաղաքացու կյանքը չի փոխվել»,- ասաց Ֆարմանյանը։

Կարդացեք նաև

Նրա մեկնաբանությամբ՝ տնտեսական քաղաքականության մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեև մեր տնտեսությունը գերազանցապես կախված է Ռուսաստանից, այդուհանդերձ, Հայաստանում օր օրի ավելի է մեծանում հակառուսական քարոզչությունը։

«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»,- ասաց Ֆարմանյանը՝ շեշտելով, որ այս ռիսկերն իրական են՝ հատկապես Կառավարության ընդունած այն որոշումների համատեքստում, որով Հայաստանից դեպի Ռուսաստան սահմանափակվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին։

«Հակառուսական պատժամիջոցների համատեքստում պետք է դիտարկել նաև այն ամենը, ինչը կատարվում է հայաստանյան բանկերում. Օրինակ, բանկ դիմող և գործարք անող մարդանցից բանկերում պահանջում են այնպիսի տեղեկություններ, որոնք կապ չունեն գործարքների հետ։ Այս բանկերի գործունեությունը կանոնակարգվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, իսկ Կենտրոնական բանկն ամերիկյան դեսպանատան միջոցով հրահանգավորում է բանկերին, որ կիրառեն հակառուսական պատժամիջոցներ։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է բացատրվում այն, որ տնտեսվարողն իր ապրանքը վաճառում է ռուսական ռուբլով, բայց չի կարողանում բանկից իր գումարը ստանալ, որտեղից պատճառաբանում են, թե վաճառված ապրանքը պատժամիջոցների տակ գտնվող ապրանք է»,- խոսքը եզրափակեց տնտեսագիտության թեկնածուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս