Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր
17-ամյա և 18-ամյա երկու երիտասարդ կրակ են բացել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում՝ սպանելով երեք մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրից մի քանի թաղամաս այն կողմ ինքնասպան են եղել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն. հայտնաբերվել է երկտող, որը պարունակում էր «ընդհանուր ատելության հռետորաբանություն և ատելության խոսք»։
Հարձակումից առաջ ոստիկաններն արդեն որոնում էին դեռահասներից մեկին, քանի որ նրա մայրը դիմել էր ոստիկանություն և ասել, որ իր որդին ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ և փախել էր տնից։ Բացի այդ, որոշ զենքեր պակասում էին, կնոջ ավտոմեքենան ևս չկար։
Ոստիկանությունը նաև իմացել էր, որ երիտասարդը հագել է քողարկող զինվորական համազգեստ և ծանոթներից մեկի հետ է, ինչն այնքան էլ բնորոշ չէ ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող մարդու համար։
Ոստիկանությունը սկսել է երիտասարդների որոնումները. նրանցից մեկի նախկին դպրոցին նախազգուշացրել են հնարավոր վտանգի մասին։
Մինչ ոստիկանները հարցաքննելիս են եղել դեռահասներից մեկի մորը, մզկիթում կրակոցներ են հնչել։ Զոհվածներից մեկն անվտանգության աշխատակիցն է, որն, ըստ ոստիկանության, մեծ դերակատարում է ունեցել այն բանում, որ հարձակումն ավելի լայն մասշտաբների չի հասել։
Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում, որին կից գործում է նաև դպրոց։
Ոստիկանները հասել են կանչից չորս րոպե անց։ Այդ պահին մի քանի թաղամաս այն կողմ կրակոցներ են հնչել։ Հրաձիգները կրակել են այգիներ ձևավորողի վրա, որը չի վնասվել։ Այնուհետև մոտակա ճանապարհի մեջտեղում կայանված մեքենայում գտել են երկու երիտասարդների մարմինները։



