Ավետիք Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ

Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, ով նաև տեղադրել է դիմումի առաջին և վերջին էջը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։

Հիշեցնենք, որ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։

Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031