Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը

Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ 21-օրյա լիակատար մեկուսացումից հետո։ Այս մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են: Դատական նիստն ի սկզբանե սպասվում էր հունվարին, սակայն առանց որևէ հիմնավորման հետաձգվել էր մինչև մայիս:

Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Ռուբեն Վարդանյանը շարունակում է Բաքվում գերության մեջ մնալ և նրա պահման պայմանները շարունակում են վատթարանալ:

Հացադուլ սկսելուց հետո նրան զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից: Այսպիսով Ադրբեջանը ևս մեկ խախտում է ավելացրել միջազգային նորմերի խախտումների իր ցանկին։ Վարդանյանն այդ ընթացքում պահվել է լիակատար մեկուսացման մեջ՝ առանց առողջության համապատասխան խնամքի, բացառությամբ նրա, որ ժամանակ առ ժամանակ չափել է արյան ճնշումը։ Նրա առողջության իրական վիճակի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են պահպանվել:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հորս առողջության վատթարացող վիճակով, թեպետ ամենևին էլ զարմացած չենք նրա խիզախությամբ: Ցավոք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են,-ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։ – Աշխարհն Ադրբեջանին ցույց տվեց, որ հետևում է հայ բանտարկյալների, այդ թվում՝ հորս ճակատագրին, և ես մեր ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս դժվար ժամանակահատվածում մեզ աջակցելու համար: Հուսով եմ, որ այս աճող միջազգային ուշադրությունը կհանգեցնի նրա և մյուս հայ գերիների ազատ արձակմանը մոտ ապագայում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը շարունակել ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ապահովելու համար առնվազն այն, որ մայիսին ի վերջո տեղի ունենա դատական նիստը՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ»:

Ռուբեն Վարդանյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով և նրան պահում են ոչ պատշաճ պայմաններում: Ամեն ինչ տանում է նրան, որ Վարդանյանի դատաքննությունը հեռու է լինելու միջազգային ընդունված չափանիշներից և հասանելի չի լինելու միջազգային դիտորդներին: Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար կալանավորված է արդեն 200 օրից ավելի:

Տեսանյութեր

Լրահոս