ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 24-ին ժամանել է Շանհայ՝ սկսելով իր աշխատանքային այցը Չինաստան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բլինքենը Չինաստանում կգտնվի ապրիլի 24-26-ը։ Սա նրա երկրորդ այցն է Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Բլինքենը կլինի Շանհայում և Պեկինում։
Շանհայում նա կհանդիպի բիզնես ոլորտի ղեկավարների հետ, որից հետո՝ ապրիլի 26-ին, կմեկնի Պեկին՝ իր պաշտոնակից Վան Իի հետ բանակցություններ վարելու։ Ամենայն հավանականությամբ, Էնթոնի Բլինքենը նաև կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Բլինքենի այցի նախօրյակին կայացած ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել միակողմանի պատժամիջոցները Չինաստանի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Բացի այդ, Չինաստանի ԱԳՆ-ն մատնանշել է ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի մատակարարումների անթույլատրելիությունը։