Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատը, կառավարության ճնշման ներքո, աղմկահարույց օրինագիծ է ընդունել բրիտանական տարածք անօրինականորեն մուտք գործած միգրանտներին Ռուանդա արտաքսելու վերաբերյալ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Օրինագիծը Լորդերի պալատի կողմից հավանության է արժանացել լույս ապրիլի 23-ի գիշերը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր, որ խորհրդարանը նիստ կանցկացնի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի օրենքը մինչև երեքշաբթի հաստատելու համար:
«Առանց որևէ «բայց»-ի կամ «եթե»-ի: Այդ չվերթները կուղղվեն Ռուանդա», – ասել էր Սունակը:
Օրինագիծը, որն արդեն ընդունվել է խորհրդարանի երկու պալատներում, ուժի մեջ կմտնի Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կողմից ստորագրվելուց հետո։
Օրինագծի համաձայն՝ բոլոր միգրանտները, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Մեծ Բրիտանիա, առևտրային ավիաչվերթերով կարտաքսվեն Ռուանդա, որտեղ նրանք կկարողանան ապաստան խնդրել: Նրանց համար վերադարձ Մեծ Բրիտանիա նախատեսված չէ:
Ըստ Reuters-ի՝ այս միջոցներով կառավարությունը ցանկանում է արգելափակել անօրինական միգրանտների հոսքը վտանգավոր Լա Մանշի նեղուցով, որն ամեն տարի հատում են տասնյակ հազարավոր միգրանտներ, և վերացնել մաքսանենգների՝ մարդկանց փոխադրման բիզնեսը։