«Թալանչիները ովքե՞ր են, բանից դուրս է գալիս, որ ես եմ ու Գագիկ Ծառուկյա՞նը, ումի՞ց ենք թալանել». Ռուբեն Հայրապետյան. Aravot.am
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունների մասին, ինչո՞ւ իշխանությունը տվեց Փաշինյանին, ասաց. «Բա ի՞նչ աներ, կրակե՞ր ժողովրդի վրա, ինքը չէր կարող: Ինքը Նիկոլ չի, որ աթոռից կախվեր ու մնար, թքած ուներ ինքը ցանկացած պաշտոնի վրա, հայրենիքը ավելի կարեւոր էր»:
Այն ժամանակ ժողովրդին կերակրում էին, որ թալանը հետ են բերելու, կոռուպցիոներներին բռնելու են՝ Ռուբեն Հայրապետյանը արձագանքեց. «Թալանչիները ովքե՞ր են, բանից դուրս է գալիս, որ ես եմ ու Գագիկ Ծառուկյա՞նը, որ կյանքում ոչ մի պետական պաշտոնի չենք աշխատել, մենակ մեր գրպանից միշտ բարեգործությո՞ւն ենք արել, հա՞: Ումի՞ց ենք թալանել ու ո՞նց են հետ բերելու»:
Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործը: Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Նախ սկսենք նրանից, որ իրավունք չունեին 10 տարուց ավելի հետ գնան, անօրինական բաներ են անում: Պլյուս, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում վերաբերող հարցով կարող են գնալ անօրինական գույքի հետեւից, կոնկրետ քրգործի հետ առնչություն ունեցող: Ի՞նչ կապ ունի իմ գույքը այդ քրեական հոդվածի հետ: Լիքը անօրինական բաներ են անում, ո՞նց են պատկերացնում, դա՞ է թալանը:
Մի հատ բան ասեմ՝ տեսեք ինչ վատություն են անում հայ բիզնեսմեններին: Ես, օրինակ, լիքը մեքենա սարքավորումներ ունեմ, ավտոներ, բան, սաղի վրա կալանք է դրած: Այդ ավտոները, ավտոպարկը մաշվում է, ժամանակի ընթացքում վաճառում ես, կամ նորն ես առնում, կամ այդ գումարը ուրիշ բիզնեսի մեջ ես դնում: Հիմա այդ ավտոները, ունեմ օրինակի համար Ռենջ Ռովեր, մինչեւ սրանց դատերը պրծնի, էդ Ռենջը մի կոպեկանոց է դառնալու, մի կոպեկ արժեք է ունենալու: Կալանքը վրան դրված է, ո՛չ կարող ես վաճառես, ոչ մի բան չես կարող անես: Կանգնած փտում է: Ոչ գույքը կարող ես օգտագործես, ոչ վաճառես, գումար սարքես, ոչ մի բան: Ասենք, դատական գործերն ավարտվեց ու բանից պարզվեց, որ իրենք սխալ են, իմ վնասներն ո՞վ է հատուցելու»:
Երբ ասացինք՝ ներողությամբ կհատուցեն՝ նա պատասխանեց. «Այ դա չեղավ, այ դա չի լինի: Կտեսնենք: Ոնց որ ես ՀՖՖ-ից էի հափշտակություն արել, թե՝ հափշտակությունը կտեսնեք: Միլիոններով՝ 20 միլիոն դոլար փող եմ դրել ֆեդերացիայում, ինձ ասում են՝ 18 մլն դրամ գողացել ես: 20 մլն դոլար փող եմ ներդրել ֆուտբոլի մեջ, կարող են մի րոպե նայել ու տեսնել, իրենք դա գիտեն, բայց ասում են՝ 18 մլն դրամ եմ ես գողացել, էս են էս ապիկարները»: