Դրվում է խաղի կանոն՝ Արևմուտքը Հայաստանի հետ արդեն շփվում է՝ Ադրբեջանին նախապես տեղյակ պահելով. Վահե Հովհաննիսյան

270 մլն եվրո՝ ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին՝ 4 տարում. Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հանրային տարբեր շրջանակներ հիմնականում հենց այս թվերով էին չափում այդ հանդիպման ՕԳԳ-ն: Իսկ իրականում ի՞նչ տվեց այս հանդիպումը Հայաստանին ու ինչո՞ւ էր հանդիպման մյուս կողմերին պետք հենց այս փուլում հանդիպել Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հետ՝ 168.am-ն այս ու այլ հարցերի պատասխանները լսել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանից:

«Հանդիպման մյուս կողմերի՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության ակնկալիքը մեկն էր՝ հակառուսականություն, Հայաստանի հաշվին նոր առճակատման գոտի հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև,- ի պատասխան հարցադրումների՝ նշեց Վահե Հովհաննիսյանը, ապա արձագանքելով հստակեցմանը՝ արդյո՞ք Բրյուսելի ու Վաշինգտոնի սպասելիքներն այդ առումով արդարացել են, վերլուծաբանը նկատեց, – Մյուս կողմի ակնկալիքներն արդարացա՞ն, թե՞ ոչ՝ չենք կարող իմանալ այս պահին, որովհետև դրանք հրապարակային չեն, դրանք այն հարցերն են, որոնք փակ դռների հետևում են քննարկում: Եվ հետո՝ դա դինամիկ պրոցես է, և նույնիսկ եթե ՀՀ- ներկայացնող անձը տալիս է X խոստումներ, իսկ հետո Հայաստանում քաղաքական վիճակը, հանրային արթնացումը լինում է այնքան ուժեղ, որ այդ խոստումները չեն իրականանում, ապա կարող ենք ասել, որ այդ ակնկալիքները չեն իրականացել: Կամ՝ հակառակը. եթե Հայաստանում ոչինչ չի կատարվում, և ընթացքը սա է, կարող են արդարանալ, բայց դրա «գինը» Հայաստանը շատ արագ է վճարելու»:

Վերլուծաբանը հավելեց նաև, որ բանակցող կողմերը՝ թե՛ Բլինքենը, թե՛ Ֆոն դեր Լեյենը, հնարավոր է՝ առաջիկայում նույնիսկ իրենց պաշտոններում չլինեն:

«ԵՄ-ում էլ, ԱՄՆ-ում էլ նախատեսված են ընտրություններ, և այս 5-6 ամսում այնքան բան կարող է փոխվել, որ այս հանդիպումը ունենա միայն մեկ հետևանք, որ պաշտոնական Երևանը, մեծ հաշվով, գնա սուր առճակատման Ռուսաստանի հետ»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Հանդիպումից Հայաստանի Հանրապետության ակնկալիքներին անդրադառնալով՝ Վահե Հովհաննիսյանն արձանագրեց, որ հանդիպումն անցել է Հայաստանում ուռճացված սպասումների ֆոնին:

«Եվ այդ ուռճացված սպասումների հեղինակը դարձյալ ՀՀ իշխանությունն էր, որն իր փիառ արշավի շրջանակներում, իր՝ սրընթաց անկում ապրող վարկանիշի համար, որոշեց այդ հանդիպումը հայ հասարակությանը ծախել՝ որպես աշխարհացունց մի բան: Ու հայ հասարակության մեջ կեղծ սպասումներ էին առաջացել, որոնք, բնական է, չպիտի բավարարվեին:

Հետաքրքիր է նաև, որ հանդիպումից հետո Հայաստանում քննարկվում էր փողի չափը. մեր հասարակությունում հատվածներ կան, որոնք շատ մերկանտիլ են: Իսկ իրականում այդ հանդիպմանը նախորդել էր շատ ավելի վտանգավոր երևույթ. դրվում է խաղի կանոն, որի առանցքը հետևյալն է՝ հավաքական Արևմուտքը Հայաստանի հետ արդեն շփվում է՝ Ադրբեջանին նախապես տեղյակ պահելով, Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունները բավարարելուց հետո, ու Արևմուտք-Հայաստան աշխատանքի ծավալն ուղիղ կախված է այն թույլատրելիության ծավալից, որ թույլ են տալիս Ադրբեջանն ու Թուրքիան»:

Վերլուծաբանը սա աննորմալ վտանգավոր երևույթ որակեց՝ հիշեցմամբ, որ մինչ այս պահը նման իրողություն չէր եղել, ու նախորդ իշխանությունների օրոք, երեք նախագահների օրոք դա ուղղակի բացառված էր:

Կյանքն ապրիլի 5-ից հետո. ինչպիսի՞ զարգացումներ սպասել՝ հաշվի առնելով արևմտյան տարբեր ներկայացուցիչների այցերը Հայաստան, արդյո՞ք այլ իշխանության պարագայում հնարավոր է Արևմուտքից ստանալ ավելին, քան հերթապահ հայտարարությունները՝ մեր վերջին հարցերի վերաբերյալ իր դիտարկումներում Վահե Հովհաննիսյանը շեշտեց. «Այդ հանդիպումն ու դրանից ուռճացված սպասելիքները մեկ այլ վտանգավոր կողմ ունեն:

Երբ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասեց՝ ես սկսում եմ բանակցել սեփական 0 կետից, նույն բանը նա հիմա անում է Արևմուտքի հետ հարաբերություններում: Ամբողջ խնդիրն այն է, որ նախորդ 30 տարում Հայաստանն Արևմուտքի հետ շատ լավ բանակցել է, ունեցել է ճիշտ աշխատանքային օրակարգ, որից մեր երկիրը մեծապես շահել է: Եվ մենք հիմա էլ պետք է ֆիքսենք, որ Արևմուտքը մեր թշնամին չէ, և մենք շատ բան կարող ենք ստանալ Արևմուտքից՝ թեկուզ ներքին ռեֆորմների, ինստիտուտների կայացման տեսքով, այդ թվում՝ նաև ֆինանսական աջակցության:

Բայց երբ դու օրակարգը սխալ ես դնում և ասում ես՝ արի ինձ պաշտպանի, վերջում դու ստանալու ես համատարած մեկուսացում: Հայաստանն այսօր իզոլյացիայի է գնում իր սխալ քայլերի պատճառով, որովհետև ՀՀ բոլոր անմիջական հարևանները դեմ են այդ անվտանգային հարցերով Արևմուտքի հետ սերտ ինտեգրացիային:

Կյանքն ապրիլի 5-ից հետո. Պետք է հետևել Ռուսաստանի և Արևմուտքի դիվանագիտական խողովակներով հնչող հայտարարություններին. դրանք մեր մասին չեն, նրանք կռվում են իրար հետ՝ ուղղակի, ցավոք, արդեն 29 800 քկմ տարածքում. առայժմ գնում է դիվանագիտական կռիվ, բայց վաղը, Աստված չանի, կարող է վերածվել բախման պոլիգոնի:

Սա է, որ պետք է փորձենք շտկել, ինչը կարող է անել նոր, սոլիդ իշխանությունը: Սոլիդ իշխանությունը. Նիկոլի հեռացումից հետո ավտոմատ ինչ-որ մարդկանց բերելը չի նշանակի, որ այդ հարցը կարող ենք լուծել»:

Տեսանյութեր

Լրահոս