44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ չէ, իսկ ընդդիմադիր պատգամավորների համար արձանագրությունները բաց են
Ապրիլի 3-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե ի՞նչ փուլում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի կազմման գործընթացը, ե՞րբ այն կավարտվի, ինչին ի պատասխան՝ օրեր հետո Քոչարյանը պատասխանել է.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի պատրաստ լինելուց հետո «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կտեղեկացվի ՀՀ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում»:
Այսինքն, մինչև հիմա 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը պատրաստ չէ, իսկ թե ինչ փուլում է, հարցը պատասխան չի գտել:
168.am-ը գրել էր, որ զեկույցի մինչ օրս պատրաստ չլինելը սահմանադրական օրենքի խախտում է, ըստ էության:
ԱԺ կանոնակարգ-օրենքի Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտին վերաբերող հոդված 26-ը սահմանում է.
«1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են`
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:
Եվ որքան էլ Անդրանիկ Քոչարյանը փորձի մանևրել, թե զեկույցը դեռ չի մտել ԱԺ, ուրեմն իրենք դեռ իրավունք ունեն ինչ-ինչ գործողությունների, զեկույցի կազմման գործընթացը ձգձգելու և այլն, բայց, ըստ էության, զեկույցի կազմման գործընթացը պետք է տեղի ունենար հանձնաժողովին տրամադրված լիազորությունների ժամկետում:
Ինչևէ, մենք փորձել էինք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից տեղեկանալ՝ խորհրդարանական ընդդիմությունը ծանոթացե՞լ է Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննություններին, Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան՝ նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը երբևէ չի մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և չի ծանոթացել որևէ արձանագրության:
168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել էր,որ՝ «Քննիչ հանձնաժողովի ողջ նյութերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կա հատուկ բաժին, սակայն, որքան էլ տարօրինակ է, Անդրանիկ Քոչարյանը որոշել է այն դարձնել անձնական սեփականություն»:
Ըստ այդմ մենք լրացնող հարց էինք ուղղել Անդրանիկ Քոչարյանին՝ նշելով, որ ընդդիմությունից ասում են, թե Քննիչ հանձնաժողովի արձանագրություններն Անդրանիկ Քոչարյանն իր սեփականությունն է դարձրել, ծանոթանալ հնարավոր չէ:
«Ինչպես արդեն նշվել է պատասխան գրության մեջ, խորհրդարանական
ընդդիմությունը ի սկզբանե չի մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և
չի ծանոթացել արձանագրություններին։ Հանձնաժողովի բոլոր անդամների համար
հանձնաժողովի աշխատանքների արձանագրությունները բաց են, ուստի բոլոր
անդամները, այդ թվում՝ նաև ընդդիմության պատգամավորները, կարող են ծանոթանալ առկա նյութերին և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- վստահեցրել են Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից:
Իսկ 168.am–ը Քոչարյանին հիշեցրել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ հետաքրքրվել էր՝ արդյո՞ք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի արձանագրություններին իր մասով, ինչին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան էր տվել՝ «քանի որ դատական պրոցես է լինելու, և փաստաբանական խումբը կարող է դիմել և դատարանի որոշումով հանձնաժողովի նյութերը կարող են հասանելի դառնալ իրենց համար», արդյո՞ք նման դիմում եղել է, և հանձնաժողովը պատրա՞ստ է տրամադրել անհրաժեշտ նյութերը:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնել են, որ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին ծանոթանալու դիմում չի ներկայացրել, և, որ հանձնաժողովի կողմից անհրաժեշտ նյութեր տրամադրելը հնարավոր է միայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի և հանձնաժողովի աշխատակարգի 36-րդ կետի համաձայն:
Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է. «Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում»:
Իսկ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե՝ «Դավիթ Տոնոյանն ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա՝ ես այդպես հասկացա»:
Ի՞նչն էր նման տպավորության հանգեցրել, և ի՞նչ տպավորության են հանգել Քննիչ հանձնաժողովում, կամ Անդրանիկ Քոչարյանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից հետո, Անդրանիկ Քոչարյանը այս հարցերը համարել է սուբյեկտիվ բնույթի, Քննիչ հանձնաժողովի աշխատանքային ընթացակարգերի հետ առնչություն չունեցող, ուստի նպատակահարմար է գտել չպատասխանել: