Իշխանությունը համակարգված տեղեկատվական տեռորի է ենթարկում հասարակությանը. Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այսօր հանրահավաք էր կազմակերպել Շառլ Ազնավուրի հրապարակում: Հիմնական մեսիջն էր հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունն ու այդ համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հեռացումը:
Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց՝ սրանով ազդարարում են գործընթացի սկիզբը:
«Սա ընդամենն առաջին հանրահավաքն է, ինչ-որ առումով՝ ինֆորմատիվ բնույթով: Մտադիր ենք նման փոքր հավաքներ անցկացնել ողջ Երևանում, և առաջիկա երկու ամսում դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիսին գեներացնենք այն պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ երկրում փոփոխություն հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա»,- մանրամասնեց քաղաքական գործիչը՝ նկատելով, որ հասկանում են՝ հասարակական գիտակցության մեջ էլ ճգնաժամ կա։
Ըստ նրա՝ նման հավաքներով փորձելու են հասկանալ, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալ:
«Հասարակությունն այս առումով, ըստ երևույթին, ունի այլ սպասումներ ընդդիմությունից, և շատ ուշադիր պետք է լինել հասարակությունից եկող ազդակների նկատմամբ,- նշեց նա և հավելեց,- Կա համընդհանուր ապատիա, ջախջախվել է այն ազգային, պետական գիծը, որը դրված էր Երրորդ Հանրապետության հիմքում: Այսպիսի վիճակ է: Սրան գումարեք իշխանության համակարգված տեղեկատվական տեռորը մեր հասարակության հանդեպ»:
Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ համընդհանուր ապատիայից և ստեղծված վիճակից դուրս բերելու համար նոր առաջարկներ պետք է ներկայացվի հասարակությանը, որպեսզի կոնսոլիդացում լինի:
Մանրամասները՝ տեսանյութում