Արևմուտքը ռուսական արջին որջից հանում է, որ տեսնի՞ ռուսական սապոգը. կտեսնի՛. Հարություն Մեսրոբյան
Այսօր Բրյուսելում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որից առաջ կողմերը հանդես եկան հայտարարություններով: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Բրյուսելը պատրաստ է 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին տնտեսության զարգացման համար:
«Սա Հայաստան-ԵՄ զարգացման տեսլականն է՝ առաջիկա չորս տարում 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում»,- ասաց Ֆոն դեր Լայենը:
Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտնեց, որ Վաշինգտոնը հանձնառու է աջակցել Հայաստանին, որպեսզի Հայաստանն իր տեղը զբաղեցնի՝ որպես ուժեղ, անկախ ազգ՝ իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը երկուսն էլ ցանկանում են գործընկերներ լինել այս ջանքերում:
«Մենք մտադիր ենք ավելի քան 65 մլն դոլարի օգնություն հատկացնել մեր բյուջեից, ինչը 50%-ով ավելի է երկու տարի առաջվա ցուցանիշից: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմացկունության ավելացմանը»,- ասել է ԱՄՆ պաշտոնյան։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի ղեկավար Հարություն Մեսրոբյանը, խոսելով Բրյուսելում կայացած հանդիպման մասին, կոչ արեց հիշել՝ Փաշինյանը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, մենք գործ ունենք մեր պետության համար վտանգավոր երևույթների հետ, հետևապես այս հանդիպումը պետք է այդ համատեքստում դիտարկել, ինչի պարագայում էական չի դառնում, թե քանի միլիոն եվրո կհատկացնեն Հայաստանին։
«Եթե անգամ այդ գումարը լիներ տասն անգամ ավելի, միևնույն է, դա որևէ բան չէր նշանակի։ Հայաստանը դրված է զոհասեղանին, որտեղ դրվել է 19-րդ դարի վերջում, երբ նույն Եվրոպան աչք փակեց Աբդուլ Համիդի ջարդերի վրա։ Հիմա ևս դրված է այդ զոհասեղանին մեր երկիրը։ Մեր աչքի առաջ, մեր մեղքով կորցրեցինք Արցախը և հիմա էլ կանգնած ենք մեզ մնացած այս մի կղզյակը կորցնելու առաջ։ Մենք փակում ենք մեր գոյությունը այս տարածաշրջանում, եթե խելք չհավաքենք»,- ասաց Մեսրոբյանը՝ շեշտելով՝ 2018 թվականից հետո Արևմուտքի համար բացվել է բացառիկ շանս՝ Հայաստանը պոկելու Ռուսաստանից, հիմա անում են դա՝ նաև Բրյուսելի հանդիպման միջոցով՝ մոռանալով սակայն պատմությունը։
«Պատմությունը ցույց է տալիս, թե նույն Արևմուտքի համար ինչ ավարտ է ունենում ռուսական արջին որջից հանելը։ Ինչ է՝ ուզում են, որ ռուսները հերթական անգամ Լիզբոն հասնեն։ Բեռլինը, Փարիզը, Վարշավան ծանոթացան ռուսական սապոգին, ուզում են նորի՞ց տեսնեն այդ սապոգը, կտեսնեն։ Լավ, ես Հայաստանում այդ քառակուսի գլուխներին էլ ինչպե՞ս բացատրեմ, որ միջուկային գերտերությանը հաղթել հնարավոր չէ»,- ասաց Մեսրոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.