Զգուշացեք կեղծ լիբերալներից, կեղծ դեմոկրատներից և կեղծ ազգայնականներից. գործում է անգլոսաքսոնական ճոճանակը՝ հանուն Մեծ Թուրանի. անհրաժեշտ է «Հայոց երկրի» ծրագիր. Հարություն Մեսրոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 2018 թվականին ինձ չհաջողվեց գոնե ուսանողական շրջապատին զերծ պահել հեղափոխական ոգևորությունից, և ես դա ինձ չեմ ներում: Չնայած, երբ 2018 թվականին Երևանի  փողոցներում սրանք խորոված էին անում, ես հրապարակավ հայտարարեցի, որ սա Արցախի մատաղն է, բայց, ցավոք սրտի, դա էլ չազդեց։
  • 2018-ին մարդիկ պարզապես շեղվել էին, ինձ ասում էին՝ պարոն Մեսրոբյան, եթե փոփոխություններ չլինեն՝ «էրկիրը» քանդվում է, բայց երկիրը քանդողների գալուն նպաստեցին հենց 2018-ին հեղափոխություն կոչվածով ոգեշնչված մարդիկ։ Չնայած նախկին իշխանություններին ես հարցեր ունեմ, այդուամենայնիվ երկիրը քանդողները 2018-ի հեղափոխությամբ ոգեշնչված մարդիկ էին, այն գործիչները, որոնք  նպաստեցին նորերի գալուն և հիմա  նեղվում են, վատ են զգում, բայց ես  համարում եմ, որ իրենք հանցագործություն են արել, ժողովուրդը կարող էր սխալվել, բայց քաղաքական գործիչներն իրավունք չունեին։ Երկիրը կորցրինք, Արցախն էլ՝ հետը, հիմա արդարանում են։ 
  • Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան շատ ավելի վաղ մշակել են անգլոսաքսոնական աշխարհում։ Կա, այսպես կոչված, քաղաքական ճոճանակ հասկացությունը, որն աշխատեց Ուկրաինայում, հիմա մեզ մոտ էլ կարող է այդ տեխնոլոգիան գործի դրվել։ Իսկ ո՞րն է այդ քաղաքական ճոճանակ կոչված երևույթը: Ստեղծվում է երկու ըմբոստ թև՝ մեկը, այսպես կոչված, լիբերալ թևը, մյուսն էլ՝ իբր ազգայնական թևը։ Նախ՝ իշխանության են բերում,  այսպես կոչված, գրանտալափներին: Սկզբում նրանց են բերում իշխանության, իսկ նրանք, բնականաբար,  չեն կարող երկիրը կառավարել, և, բացի այդ, նրանց նպատակը երկիրը կառավարելը չէ, այլ երկիրը քանդելն է, երկիրը սարքել-վերածել օբյեկտի, որ դրանից օգտվեն իրենք։ Իսկ Ուկրաինայում 2014 թվականին հակառակ կողմից գործի դրվեց քաղաքական այդ ճոճանակը. նախ իշխանության եկան ազգայնականները, իսկ հետո 2019 թվականին եկավ Զելենսկին ու իր թիմը, այսպես կոչված՝ լիբերալները, դեմոկրատները։ Երբ հոգնում են գործող նոր իշխանություններից, հակառակ թևին են ընտրում, և ճոճանակն անցնում է մյուս բևեռին, բայց կառավարումը մնում է անգլոսաքսերի ձեռքին։ Այսինքն՝ կեղծ լիբերալներից անցում են կատարում կեղծ ազգայնականներին։ Եվ եթե Ուկրաինայում կեղծ ազգայնականներից ճոճանակն անցավ կեղծ դեմոկրատներին, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, հակառակը եղավ՝ 2018 թվականին իշխանության եկան կեղծ դեմոկրատները, և  հավանական է՝ այժմ կփորձեն իշխանությունը փոխանցել  կեղծ ազգայնականներին։

Կարդացեք նաև

  • 2018-ին ես մեղադրում էի քաղաքական էլիտային, ԱԺ պատգամավորները պարտավոր էին կասեցնել պրոցեսը, այնինչ իրենցից շատերը խելոք ձեռք բարձրացրեցին և քվեարկեցին այս կեղծ լիբերալների օգտին։ Համացանցն ամեն ինչ հիշում է։
  • Մենք՝ որպես ազգ, հիվանդ ենք, ինչպես վերջերս ասաց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել Սրբազանը, մինչև մենք չհասկանանք, որ հիվանդ ենք, մենք փրկություն չունենք։
  • Ենթադրվում է, որ ճանաչված քաղաքական դեմքերը պետք է ներկայացնեն ազգի կառավարչական էլիտան: Հենց այդ շերտը պետք է  հասկանա ու զանազանելով՝ համապատասխան մեսիջներ ուղարկի իր հետևորդներին։ Մինչդեռ այդ էլիտան հետևեց մասսայական հոսքին։ Դա ապացուցում է, որ մենք ոչ մշակութային, ոչ քաղաքական, և ոչ էլ կառավարչական  էլիտա չունենք։ Ինչպես Չերչիլն է ասել՝ «քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, պետական գործիչը մտածում է հաջորդ սերունդների մասին»։
  • Արևմուտքին պետք են հուսալի էներգակիր կապուղիներ Արևելքից դեպի Արևմուտք, Եվրոպա, բայց այս հարցում երկու պետություն խանգարում են՝ Հայաստանը և Իրանը։ Դրա համար Արևմուտքին պետք է բացել բոլոր կապուղիները, Իրանն անսասան կանգնած է, իսկ մենք անլուրջ պետություն ենք դարձել։ Մեզ մոտ  փորձում են ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդել։ Սա Մեծ Թուրանի ծրագիրն է, որն առաջացավ, երբ քանդվեց Օսմանյան պետությունը։ Հիմա կրկնվում է նույն անգլոսաքսոնական մոդելը, որի նպատակն է գցել Ռուսաստանին և Իրանին։
  • Անգլոսաքսերը պետք է ջարդեն պատնեշը Մեծ Թուրանի միջոցով, սա է 500 տարվա անգլոսաքսոնական կառավարման էությունը։ 
  • Ռուսաստանը 5 դար կատաղի մարտեր է տանում անգլոսաքսոնական և օսմանյան աշխարհի դեմ, Միայն Օսմանյան կայսրության դեմ 13 արյունալի պատերազմ է մղել, բայց մի գերխնդիր չկարողացավ լուծել՝ Սև ծովի և Միջերկրական ծովի նեղուցների հարցը։ Եթե նեղուցները ռուսների մոտ չեն՝ Սև ծովը դառնում է լիճ։
  • 2018 թվականին, այսպես կոչված, նորերը՝ Նիկոլ Փաշինյանի թիմը, իշխանության գալով՝ այս ծրագրի համատեքստում առաջին քայլը կատարեցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով։ Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցի։ Եվ դեռ այդքանից հետո մենք  զարմանում ենք, որ նման հիմար բաներ անելուց հետո ռուսները մեր ճակատը չեն պաչում։ Մինչդեռ թուրքերին հաջողվում է և անգլոսաքսոնական, և ռուսական աթոռներին նստել, դրա համար իրենք ամուր են՝ թիկունքում ունենալով Մեծ Թուրան։
  • Ռուսաստանը՝ որպես կայսրություն, տեսնում է, որ թուրքերը նեղ պահերին համը չեն հանում,  նույնը չէ մեր դեպքում՝ մենք չունենք մտքի նման ճկունություն,  մենք համը հանում ենք:  Ադրբեջանն էլ Թուրքիայի հետ տանդեմի մեջ է, և Ռուսաստանը տեսնում է, որ ոչ Թուրքիան, և ոչ էլ Ադրբեջանն ակնհայտ հակառուսական քաղաքականություն չեն վարում: Այսինքն՝ Ռուսաստանը տեսնում է, որ Քեմալ Աթաթուրքի գիծը շարունակող այս պետությունների հետ կարելի է պայմանավորվել։ 
  • Մեզ համար պետք է ապտակ լինի, որ Իրանը հայտարարում է՝ եթե խաթարվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք զորք կմտցնենք, այսինքն՝ մենք ինչքան են ինքներս մեզ իջեցրել, որ հարևան պետությունը, թեկուզ իր շահերից ելնելով՝ նման հայտարարություն է անում։
  • Նույն բանը մենք արեցինք 100 տարի առաջ, փաստորեն՝ մենք չենք փոխվում։ Իսկ Ալբերտ Էյնշտեյնը մի թևավոր խոսք ունի՝ «Եթե դու տարիներ շարունակ չես փոխում քո մոտեցումները, ինչո՞ւ ես սպասում, որ կփոխվի քո ճակատագիրը»։

  • Հիմա աշխարհում դեպի երրորդ համաշխարհային պատերազմ տանող ճգնաժամ է, իսկ ճգնաժամի ժամանակ կամ ոչնչանում ես, կամ բացվում են նոր հնարավորություններ, իսկ մենք դա էլ չենք հասկանում՝ ցեղասպանությունը եղավ Առաջին համաշխարհայինի ճգնաժամի ժամանակ, Արցախը կորցրեցինք երրորդ համաշխարհայինի մոտակայքում։ Աշխարհաքաղաքական այս տեկտոնիկ վայրիվերումների ժամանակ մենք, փոխանակ ունենանք կուռ միասնություն և քաղաքականություն և ծրագիր, նորից թակում ենք Արևմուտքի դուռը։
  • Հայության մեջ ոչնչացված է իմունային համակարգը՝ մտավորականությունը, գործիչները, էլիտան: Իսկ երբ ազգն ունի հիվանդ էլիտա,  նշանակում է՝ ազգը հիվանդ է սպիդով։ Պետք է առաջին հերթին լուծենք հիվանդ էլիտայի հարցը, այսինքն՝ օգտագործված նախկին էլիտաները պետք է մի կողմ քաշվեն, և ասպարեզ գան առողջ ուժերը։ Մենք մեծամտանում ենք, թե  հինավուրց ազգ ենք, բայց ռազմավարական ծրագիր մինչ օրս չունենք։  Ինչպե՞ս կարելի է ավելի քան 30 տարի ունենալ անկախ պետություն  և չունենալ ծրագիր։ Կառավարության ծրագիրը դա դեռ ծրագիր չէ, պետք է ամրագրել պետության առաջնահերթությունները, համակարգված փաստաթուղթ պետք է լինի ծրագիրը։
  • «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի վրա մեր աշխատանքները սկսել ենք 2020 թվականի հուլիսից, այսինքն՝ դեռ 44-օրյա պատերազմից առաջ: Առաջին անգամ մեր պատմության մեջ  նախաձեռնել ենք ռազմավարական այնպիսի ծրագիր, որը  հիմնված է թե՛ մեր, թե՛ մարդկության պատմական փորձի և  այսօրվա մարտահրավերների վրա։ Ծրագիրն ունի 10 ուղղություն՝ բաժին։  Մոտակա 1-1.5 տարվա ընթացքում  կամբողջացնենք ու ավարտին կհասցնենք կատարված աշխատանքը։ Այդ 10 բաժիններից են մերիտոկրատական՝ արժանիների կառավարումը,  կրթա-դաստիարակչական համակարգը, համակարգային անվտանգությունը, որը վերաբերում է անձնական, առողջապահական, մշակութային, կրթական անվտանգությանը։ Ծրագիրը փարոս է և պետք է դառնա այն շոգեքարշը, որը կկարողանա համախմբել ամբողջ աշխարհի հայությանը հանուն ապագայի։ Մենք հակասությունների կծիկ ունեցող, ամենավտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, ուստի նախ պետք է կարողանանք հասկանալ այդ հակասությունները և կիրառենք պատմական Կիլիկիայի թագավորության, Խորհրդային Հայաստանի փորձը՝ իմանալով հակասությունները՝ կարողանալ ստեղծել սեփականը՝ պետության արդյունավետ կառավարման մեթոդներով։
  • Մենք մշակել ենք նաև ծրագրի անցումային փուլ՝ մի քանի բաղադրիչով։ Հարցը միայն իշխանափոխությունը չէ, պետք է լինի գլխավոր նպատակ, պետք է լինի գաղափար ու շարժիչ ուժ, այնպես, ինչպես եղավ 1988-ին: Բայց նախ պետք է լինի գաղափար, հետո՝ այդ գաղափարը կրողներ և նրանց համակիրները, որոնք հենց շարժիչ ուժը կլինեն։ Կառավարման մեջ կարևոր է մի սկզբունք՝ եկեք անհանգստանանք հաջորդաբար։ Ծրագրի թիվ մեկ նպատակը՝ Հայաստանը, հայությունն աշխարհում գործոն, սուբյեկտ դարձնելն է։ Այսօրվա Հայաստանն օբյեկտ է, Թուրքիան, 100 տարուց ավելի է, փորձում է սուբյեկտ դառնալ, որը կորցրել է Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մենք ունենք առավելություններ, աշխարհագրական դիրք՝ վատ թե լավ, ունենք Սփյուռք՝  ցանց աշխարհում։ Աշխարհում  միայն երեք ազգ ունի նման ցանց՝ հայերը, հրեաներն ու իռլանդացիները, որտեղ Սփյուռքն ավելի մեծ է, քան մայր պետությունը։
  • Պետք է ազգովի ապաշխարենք: Ո՞րն է կոլեկտիվ ապաշխարությունը, ի՞նչ պետք է անել։ 
  • 2018-ի մեղավորները պետք է ապաշխարեն, հակառակ դեպքում Հայաստան չի լինի։ Էլիտան պետք է ապաշխարի, որը ժողովրդի մոտ հույս և հավատ կարթնացնի՝  բերելով կոնսոլիդացիայի և ապա՝ երկրի հզորացման:

Տեսանյութեր

Լրահոս