Բրյուսելյան հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»,- այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը: Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը մեր գնահատմամբ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է»,- նշեց նա՝ ընդգծելով՝ հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման ի սպառ բացակայությունն է, ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով:

«Ցավով է պետք ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչև օրս չի կատարվել: Այսուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս