Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Մարտի 24-ի առավոտյան Կիևում և Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերին։
Կիևում օդային տագնապը հայտարարվել է տեղական ժամանակով 09:26-ին։ «Կարմրել են» նաև արևելյան, հյուսիսային և կենտրոնական շրջանները։
Մի քանի րոպե անց օդային տագնապ է հայտարարվել հարավում, իսկ ավելի ուշ շչակները հնչել են արևմտյան շրջաններում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել են բալիստիկ հարվածների սպառնալիքի մասին։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ռուսաստանյան զորքերը օդ են բարձրացրել չորս ՄիԳ-31Կ ինքնաթիռ։ Ամբողջ Ուկրաինան հրթիռային սպառնալիքի տակ է, գրում է լրատվամիջոցը։