Հարությունագոմերին թշնամին 4 կողմից կրակում էր՝ բնաջնջման վտանգի տակ ենք թողել Արցախը. մտածում էինք, որ մի տեղից լույս կբացվի՝ կվերադառնանք. Արցախցի
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության և շրջափակման մեջ գտնվող արցախահայերի դեմ Ադրբեջանի սկսած 24-ժամյա անդադար ռազմական գործողություններն ավարտվեցին արցախցիների բռնի տեղահանմամբ։ Սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո սկսված ռազմական գործողությունների թիրախում առաջին հերթին խաղաղ բնակիչներն էին, քանի որ Ադրբեջանը սկսել էր կրակել բնակավայրերի վրա: Նպատակը՝ ահաբեկելով ու մահվան սպառնալիքի ներքո բնակիչներին իրենց բնօրրանից՝ Արցախից դուրս հանելն էր։
Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղը պատերազմի հենց առաջին վայրկյաններից հայտնվել էր կրակոցների ներքո՝ չորս կողմից թշնամին գյուղն առել էր կրակի տակ, հնարավորություն չտալով մարդկանց դուրս գալ։ Միայն սեպտեմբերի 19-ի կեսգիշերն անց նրանց հաջողվել է մի կերպ դուրս գալ գյուղից և տեղափոխվել Ստեփանակերտ։
Հարությունագոմերից Գրիգորյանների բազմանդամ ընտանիքն ադրբեջանական կրակոցներից մի կերպ փրկվելով՝ կարողացել էին դուրս գալ գյուղից՝ հույս ունենալով, որ մի քանի օրից կվերադառնան իրենց բնօրրան, չգիտեին ու չէին էլ պատկերացնում, որ մի քանի օրից տուն դառնալու փոխարեն՝ ստիպված բռնելու են գաղթի ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում Գրիգորյանների ընտանիքի հարսը՝ 47-ամյա Զարուհի Նարիմանյանը, պատմեց, թե ինչպես և ինչ պայմաններում իրենք էլ շատերի նման ստիպված են եղել ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո լքել Արցախը:
«Հարությունագոմերի ուղղությամբ 4 կողմից թշնամին կրակում էր, գյուղը սարսափի մեջ էր, գիշերն ենք դուրս եկել գյուղից։ Ամուսինս տանը չէր, դիրքեր էր բարձրացել՝ տղաներին օգնելու, մենք չգիտեինք՝ ինչ անել, ամուսնուս եղբոր մեքենայում մի կերպ տեղավորվել ենք ու դուրս եկել գյուղից, գնացինք Ստեփանակերտ, այնտեղ էլ նույն սարսափելի վիճակն էր։ Փոքր ու մեծ, հիվանդներ՝ հազիվ ենք տեղավորվել մի փոքր մեքենայում։ Ստեփանակերտում 4-5 օր նկուղներում ենք եղել, մինչև ճանապարհը բացվեց, մի ամբողջ օր ճանապարհներին ենք եղել, մինչև սեպտեմբերի 25-ին հասանք Գորիս»,- պատմեց Զարուհի Նարիմանյանը։
Նրա խոսքով՝ Արցախից դուրս գալու որևէ մտադրություն չեն ունեցել, թեպետ Ադրբեջանն ավելի քան 9 ամիս ամբողջ Արցախը պահում էր շրջափակման մեջ, բնակիչները նույնիսկ սնունդ չունեին, սակայն չէին պատրաստվում թողնել Արցախը, եթե ցեղասպանվելու սպառնալիքը չլիներ։
«Մտածում էինք, որ մի տեղից մի լույս կբացվի, ու մենք կվերադառնանք մեր տներ, դրա համար որևէ բան մեզ հետ չվերցրեցինք, միայն մեր հագած շորերով շտապ դուրս ենք եկել գյուղից։
Հիմա մեր 7 հոգանոց ընտանիքն ապրում է Չարենցավան քաղաքում՝ 2 սենյականոց բնակարանում, ես՝ ամուսնուս ու երեք երեխաներիս հետ, թոշակառու սկեսրայրս և սկեսուրս։ Երեխաներս չափահաս են, երկուսը՝ ուսանող, մյուսն ավարտել է, բայց աշխատանք դեռ չկա։ Այս պահին միայն ամուսինս է աշխատում, ու օրվա խնդիրները մի կերպ ենք լուծում։ Իսկ Արցախում ամեն ինչ ունեինք, ինքս մանկավարժ եմ, դիմել ենք զբաղվածության կենտրոն, սպասում ենք, տեսնենք՝ մի աշխատանք կգտնվի՞»,- նշեց մեր զրուցակիցը։
Զարուհին ասաց նաև, որ թեև օգտվում են ՀՀ կառավարության 40+10 ծրագրից, այդուհանդերձ դա չնչին գումար է՝ բնակարանների բարձր վարձերի ու կոմունալ վճարումների պարագայում։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե աշխատանք լինի՝ կաշխատեն, որևէ մեկի օգնության կարիքը չեն ունենա, կաշխատեն, կապրեն այնպես, ինչպես Արցախում էին ապրում։
«Այս պահին մեր առաջնային խնդիրը բնակարան ունենալն է, որովհետև դժվար է այսքան մեծ ընտանիքով ապրել վարձով մի փոքր բնակարանում։ Իմ ամբողջ ունեցվածքը, Ացախիս հետ միասին, բառիս բուն իմաստով, ինձանից խլեցին՝ տուն, անասուններ, մեքենաներ, ջերմոցներ, միլիարդների հասնող ունեցվածք էի ստեղծել ու թողեցի Արցախում։
Ճիշտ է՝ հույսը վերջում է մահանում, բայց այս պահին Արցախ վերադառնալու հույսի նշույլ չեմ տեսնում, նաև հաշվի առնելով այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Այստեղ էլ անվտանգ չէ։
Եթե վաղն էլ վերադարձի պայմաններ ստեղծեն, մեծ սիրով կվերադառնայի Արցախ՝ հայկական Արցախ, նորից տուն կստեղծեի, նորից կաշխատեի ու իմ հողում կապրեի։ Հավատացեք, Արցախում թողել եմ շատ մեծ հոգևոր արժեքներ, մեր սրբությունները, մեր շիրիմները։ Ծնողիս գերեզմանն Արցախում է, ինչպե՞ս կարող եմ չցանկանամ վերադառնալ Արցախ, դա հիմա բոլորիս մեծ ցանկությունն է»,- եզրափակեց Զարուհի Նարիմանյանը։