
«Հայաստանից հեռացող արցախահայերի թիվը ցույց է տալիս, որ իշխանությունների ծրագիրը ձախողված է». Արտակ Մկրտչյան

Մինչ Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր հարթակներից հայտարարում է, որ արցախահայերը պետք է «տնավորվեն Հայաստանում», արցախահայերը Հայաստանում բախվում են տարբեր խնդիրների ու չեն կարողանում «տնավորվել»։ Բնակապահովման ծրագիրը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի` արցախահայերի համար գործարկել են, առհասարակ որևէ խնդիր չի լուծում բռնի տեղահանված արցախահայերի համար. նրանք շարունակում եմ վարձով կամ բարեկամի տանը բնակվել, շատ քչերին է հաջողվում հեռավոր գյուղերում ձեռք բերել տուն։
«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանի խոսքով՝ դեռևս այս տարվա մարտի 29-ին, երբ արցախահայերը մեծ հանրահավաք էին հրավիրել, 12 կետից բաղկացած խնդիր-պահանջներ էին ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք վերաբերում էին ինչպես բնակապահովման ծրագրին, այնպես էլ՝ վերադարձի, գերիների ու այլ հարցերի։ Սակայն այդ խնդիրների վերաբերյալ այդպես էլ հասցեական որևէ արձագանք չեղավ իշխանության կողմից։
«Մենք հասկանում ենք, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ Արցախի հարցը չլինի օրակարգում, արցախցին չապրի Հայաստանում։ Այսօր Հայաստանում արցախահայերի համար չկան այն մինիմալ պայմանները, որպեսզի նրանք կարողանան այստեղ ապրել։ Հայաստանից հեռացող արցախահայերի թիվը ցույց է տալիս, որ իշխանությունների ծրագիրը ձախողված է՝ բնակապահովման ծրագրից սկսած։ Երբ իշխանությունը գովազդում է, թե այսքան արցախահայեր կարողացան տուն ձեռք բերել, այդպես չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Մկրտչյանը։
Ըստ նրա, այսօր ՀՀ-ում կարողանում են տուն ձեռք բերել միայն այն արցախահայերը, որոնց ընտանիքի անդամները շատ են, նրանք էլ կարողանում են գնել առնվազն 1-2 սենյականոց բնակարան։
«Մարդիկ Արցախում կորցրել են ամեն ինչ, եկել են այստեղ՝ հատակին քնելով, առանց տարրական պայմաների ապրելով, հույս են ունեցել, որ կարճ ժամանակում կկարողանան հետ գնալ Արցախ։ Եթե արցախցին այդ հույսը չունենա՝ Արցախ վերադարձի, ապա Հայաստանից կարտագաղթի այլ երկիր, սփռվելով աշխարհով մեկ, ճանապարհի բացման դեպքում մենք չենք կարողանալու հավաքական վերադառնալ Արցախ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց՝ արցախահայերը շարունակելու են պայքարն Արցախ վերադառնալու իրենց իրավունքն իրացնելու համար, ամեն ինչ անելու են իրենց նպատակներին հասնելու համար։
«Մինչև այսօր ես չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային որևէ ամբիոնից բարձրացնի արցախահայերի հարցը, նույնիսկ գերիների խնդրի մասին չեն խոսում։ Առհասարակ մտածում եմ, որ այս մարդու մատն է խառը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն այսօր Բաքվի բանտում են»,- շեշտեց Արտակ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախահայերի հրավիրած հանրահավաքը, որից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ արցախահայերի հավաքական վերադարձի, իրենց հողում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնելու վերաբերյալ։
Հանրահավաքից հետո վրան տեղադրվեց Ազատության հրապարակում, արցախցիները 3 անգամ հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, բոլոր հանդիպումների արդյունքները նրանց չբավարարեցին։ Սակայն նրանք համաձայնեցին վրանը հանել Ազատության հրապարակից, որպեսզի Կառավարությունը 40 հազար դրամ աջակցության տրամադրումը երկարաձգի ևս 2 ամսով։