Բացի Ստոլտենբերգի հետ լուսանկարից ու տեսանյութից, մենք ի՞նչ ստացանք. Խամոյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ հայտարարեց, որ պատգամավորների հարցերին Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հետո, իր մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, օրինակ՝ եթե չկան իրավական հիմքեր, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Տավուշի այս-այս գյուղերը, ժողովրդական լեզվով ասած՝ նաղդ Ադրբեջանինն են։ Կամ, երբ մակետով պտտվում է ու ցուցադրում, ինչո՞ւ չի ասում՝ ադրբեջանցի զինվորները, որոնք ներխուժել են ՀՀ տարածք, դո՞ւրս են գալու, թե՞ ոչ։

Նախաբանից հետո պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան կատարած այցի և նրա հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում էին ռուս-ուկրաինական պատերազմին։

Ստոլտենբերգը Հայաստանում ասել էր, որ ողջունում է Հայաստանի համերաշխությունն Ուկրաինայի հետ, և պետք է Ուկրաինային օգնել: Բացի այդ, հայտարարել էր, թե՝ «Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»:

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանից  հետաքրքրվեց՝ այս հայտարարությունն իր հետ համաձայնեցրե՞լ էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չկա նման պրակտիկա, երբ այցերի ընթացքում հայտարարությունները համաձայնեցվեն։

Կարդացեք նաև

«Ես վեց տարի տարբեր տեղեր գնում եմ և երբեք որևէ տեղ իմ հայտարարությունները ընդունող կողմի հետ չեմ համաձայնեցրել։ Հայաստանում ամենատարբեր հայտարարություններ են հնչում։ Չեմ կարծում, թե Ձեր գնահատականը ճիշտ է»,- շեշտեց նա։

Արձագանքելով՝ Ագնեսա Խամոյանն ասաց.

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է անում՝ ոչ թե Վրաստանում ու Ադրբեջանում, այլ՝ ձեր կողքին կանգնած, իսկ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Ուզում եմ հասկանալ, այս հայտարարությունը մեզ ի՞նչ տվեց, բացի ձեր համատեղ լուսանկարից ու տեսանյութից»։

Պատասխանելով պատագամավորի ճշտող հարցին, թե ինչ տվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, և ինչ են անում իշխանությունները, որպեսզի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորվեն, Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարան էլ էր բերել Հայաստանի քարտեզի մակետը, ցույց տվեց այն ու ասաց, թե այդ քարտեզը ցույց են տալիս նաև ՀԱՊԿ-ին և հարցնում՝ իրենք ՀՀ ինքնիշխան տարածքը  համարո՞ւմ են իրենց պատասխանատվության գոտի: Բազմիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել ՀՀ սահմանները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս