Հայաստանի շուրջ հնարավոր զարգացումներն ու Բրիտանիայի դերը
Հայաստանի շուրջ տարբեր ուղղություններով ու սցենարներով զարգացող աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին առանցքային դերակատարություն ունի Մեծ Բրիտանիան։ Այս երկրի առանցքային պաշտոնյաները շարունակում են «զարմացնել» իրենց անդրադարձներով Հարավային Կովկասին՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացին, ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցին։ Այս անգամ խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակով՝ հույս հայտնելով, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։
«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ՝ հասնել դրան մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշվում է Սունակի նամակում։
2024 թվականի նոյեմբերին Բաքվում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության մասին կոնֆերանսը։
Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին էր նշել, թե Լոնդոնը ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցել Երևանին «Ռուսաստանի սպառնալիքների» դեպքում։
«Մեծ Բրիտանիան այս որոշումը դիտարկում է՝ որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում, և կաշխատի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու ՀՀ-ին ՌԴ սպառնալիքի դեպքում»,- ասել է փոխնախարարը։
Հիպպին ընդգծել է, որ թագավորության պաշտոնյաները կշարունակեն սերտորեն համագործակցել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Նախորդ տարեվերջին՝ նոյեմբերին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին նշել էր․
«Մեզ համար պարզ է, որ Հարավային Կովկասում կապերի ընդլայնումը շատ տրամաբանական մոտեցում է։ Իհարկե, այդ կապերն արդեն կան, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարար է և այդպիսին է մնացել երկար տարիներ։ Եվ, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ադրբեջանում հնարավոր դարձավ Ադրբեջանի՝ որպես Եվրոպային էներգիա մատակարարող, շատ կարևոր դերի շնորհիվ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը և Հարավային Կովկասը շատ կարևոր կամուրջի դեր են խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։
Եթե մենք կարողանանք միասին աշխատել ենթակառուցվածքների և կապի բարելավման ուղղությամբ՝ լինեն դա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման մալուխներ, առևտուր և ենթակառուցվածքային ուղիներ, ապա բոլոր մարզերը կշահեն:
«Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է, և կարծում եմ, որ այն հետաքրքրում է բոլոր երկրներին։ Քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր, նրանք շահագրգռված են Ռուսաստանից անկախ՝ իրենց էներգետիկ ռեսուրսները Եվրոպա մատակարարելու հարցում։ Կարծում եմ, որ մենք շատ շահագրգռված ենք ենթակառուցվածքների բարելավման գործում դերակատարում ունենալ: Ավելի շատ առևտուր՝ նշանակում է ավելի կայուն տարածաշրջան, և դա ձեռնտու է բոլորին»:
ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ը լքելու մասին խոսակցությունները, կարելի է ասել, որ «միս ու արյուն» ստացան Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակում փետրվարի 16-ին Փաշինյան-Ռիչարդ Մուր հանդիպումից հետո, և այս մեկ ամսվա ընթացքում կարծես ՀՀ իշխանություններն ավելի համարձակ են խոսում ՌԴ-ի հետ դաշնակցությունը խզելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա մտցնելով գործնական փուլ, ըստ էության «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու գործընթաց նախաձեռնելով։
Իշխանական քարոզիչները, ինչպես նաև պարզապես փորձագետները հստակորեն պատկերում են, թե ինչ քայլեր են հաջորդելու այս քայլին, և ինչպես են ՀՀ իշխանությունները հասնելու ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, որն ամենաբարդ հարցն է։
Ուշագրավն այն է, որ այս փուլում ՀՀ իշխանությունների նախաձեռնած արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք զուգորդվում է հետաքրքիր ու վտանգավոր քարոզչական դրվագներով, և դաշտ են գցվում թեզեր, որ Ռուսաստանը պատժելու է Հայաստանին կամ դա անելու է Ադրբեջանի «ձեռքով»՝ այն դեպքում, երբ անկախ, թերևս, ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձից, հենց այս փուլում բանակցային սեղանին արդյունքների բացակայության դեպքում, ըստ որոշ գնահատականների, Ադրբեջանը երկար չի սպասի և գուցե ռազմական նոր սադրանքների դիմի։ Սակայն դրանում Ադրբեջանի գործոնը փորձում են զրոյացնել և պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ այն դեպքում, երբ հայտնի փաստ է, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայտարարություններով նույնիսկ ապացուցված, որ Հայաստանի դեմ ռազմական բոլոր արշավների դեպքում Ադրբեջանի ուղիղ հովանավորն ու աջակիցը եղել է Թուրքիան, ինչպես նաև Բրիտանիան։
Այդ մասին նույնիսկ լուրջ հոդվածներ կան միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում։
Նման հարցերում պարզունակ սցենարներ, իհարկե, չեն գործում, սակայն դաշտ գցված այս թեզը ևս չափազանց ուշագրավ է, որով կարծես արդեն իսկ ուզում են ապագա հնարավոր գործընթացների մեղավորներին ներկայացնել, ձևավորելով համապատասխան հանրային կարծիք, դրանով իսկ ապացուցելով, թե որքան «ճիշտ» էին ՀՀ իշխանությունները։ Սակայն, անկախ այդ որոշումից՝ Ադրբեջանի ու նրա հովանավորների ծրագրերը չեն փոխվել, նրանք փորձում են հասնել նպատակներին, սակայն քարոզչությամբ «մաքրելով» իրենց «պատասխանատվությունը»։
Օրերս թեմայի մասին հոդված էր գրել ռուս վերլուծաբան Տարասովը։ Անդրադառնալով Ջեյմս Հիպպիի հայտարարություններին, մա մասնավորապես գրել էր, թե Հիպպիի վարկածով, եթե Ադրբեջանը որոշի ևս մեկ ուժային սցենարի դիմել, ապա «նրա թիկունքում կանգնած կլինի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»:
«Այնուհետև Լոնդոնը Բաքվին և Երևանին, առանց Մոսկվայի մասնակցության, դուրս կբերի դեպի Թուրքիա ելք ունեցող Զանգեզուրի միջանցքի բացման խնդրի լուծմանը՝ կարծես ավարտելով Հայաստանը եվրոպական կառույցներ ներքաշելու իր գործողության տարրերից մեկը։ Լոնդոնյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այս նախագծի իրականացման ուղղությամբ այժմ ինտենսիվ աշխատում է Երևանում բրիտանական դեսպանատունը:
Նշվում է՝ արդեն պատրաստ է Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի ձևական վերահսկողության տակ անցնելու նախագիծը, իսկ դե ֆակտո՝ բրիտանական հետախուզության MI6-ին: Ի դեպ, արդյո՞ք այս հանգամանքով չեն պայմանավորված Երևանի հայտարարությունները՝ «Զվարթնոց» օդանավակայանից և Մեղրիի հատվածից ռուս սահմանապահներին արտաքսելու անհետաձգելի անհրաժեշտության մասին:
Ահա թե ինչու Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները նշել են՝ «ուշադրությամբ են վերաբերվում Հիպպիի խոսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արևմտյան երկրների ձգտումը՝ Հայաստանն օգտագործել հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Հարավային Կովկասում իրենց շահերն առաջ մղելու համար»: Եվ ոչ միայն դա:
Մոսկվան նաև կարծում է, որ լայն համատեքստում «Արևմուտքը մտադիր է Հայաստանը դարձնել իր գործիքը Մոսկվայի հետ հակամարտության մեջ»՝ «գլոբալ Բրիտանիայի» ֆոնին՝ ի դեմս վերածնվող Բարձր Դռան»։
Այս ամենն Անդրկովկասում սկսվող «մեծ խաղի» տարրերն են՝ Լոնդոնի մասնակցությամբ։ Բրիտանացիներն արդեն եղել են այս տարածաշրջանում օկուպացիոն զորքերի կարգավիճակով 1918-1919-ականների սկզբին։ 1921թ. մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը և ՌՍՖՍՀ արտաքին առևտրի կոմիսար Լեոնիդ Կրասինը ստորագրեցին առևտրային համաձայնագիր։ Այս դիվանագիտական փաստաթուղթը սովորական առևտրային փաստաթուղթ չէ՝ երկու երկրների միջև առևտրային գործառնությունները կարգավորելու պարզ նպատակով: Դա քաղաքական-առևտրային բնույթի համաձայնագիր էր, որն Անդրկովկասում «սանձազերծում էր Վլադիմիր Լենինի կառավարության ձեռքերը»։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս անգամ, եթե Լոնդոնում իշխանության գա լեյբորիստական կառավարությունը»,- նշել էր Տարասովը։
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ երբ խոսում են նոր աշխարհակարգի մասին, ապա դա վերաբերում է նաև Արևմուտքին, քանի որ Արևմուտքի ներսում ևս ամեն բան միանշանակ չէ և կա ուժեղ մրցակցություն մի քանի կենտրոնների միջև։ Ըստ նրա, այս դեպքում Մեծ Բրիտանիայի հավակնությունները նորություն չեն որևէ մեկի համար, սակայն ներկայումս դրանք ընդլայնել են իրենց աշխարհագրությունն ու մասշտաբը։
«Այս ամենը պայմանավորված է՝ ինչպես հարավկովկասյան, այնպես էլ՝ համաշխարհային զարգացումներով, Հարավային Կովկասում առանձին երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Ֆրանսիայի դերակատարությունը դուր չի գալիս Ադրբեջանին, ինչպես նաև նրա գործընկեր Մեծ Բրիտանիային։
Արևմտյան երկրների քաղաքական թիրախները նույնն են, սակայն մրցակցությունն ընթանում է ազդեցության համար, որով նրանք առաջ են մղելու իրենց շահերը, որոնք տարբեր երկրների դեպքում տարբեր են։ Սակայն Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը նվազեցնելը ռազմավարական նպատակ է բոլորի համար»,- ասաց նա։