Իսրայելի կառավարող կոալիցիան խորհրդարանի արձակման օրինագիծ է ներկայացրել
Իսրայելի կառավարող կոալիցիան ներկայացրել է ներկայիս գումարման խորհրդարանի՝ Քնեսեթի արձակման մասին օրինագիծ: Այդ մասին հաղորդել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Օրինագիծը մայիսի 13-ին ներկայացրել է կոալիցիայի նախագահ Օֆիր Կացը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պատգամավոր է։ Օրինագծին հավանություն են տվել բոլոր կոալիցիոն խմբակցությունների ղեկավարները։ Ենթադրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը քննարկումների ընթացքում կորոշվի Քնեսեթի հարցերով հանձնաժողովում։
Ինչպես նշում է Kan-ը, կոալիցիան նման քայլի է դինել, որպեսզի վերահսկի խորհրդարանի արձակման գործընթացն ու ժամկետները. այն սկզբնապես նախաձեռնել էր ծայրահեղ կրոնական խմբակցություններից մեկը, և դրան հավանություն էր տվել ընդդիմությունը։ Սպասվում է, որ Քնեսեթի արձակման հարցի քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթ։
Ynet լրատվական հարթակի տվյալներով՝ կոալիցիայի ներսում արդեն քննարկվել են արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետները, նախապես դիտարկվել են սեպտեմբերի 1-ը կամ սեպտեմբերի 15-ը։
Սակայն «Լիկուդ» և «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ ընտրությունների վաղաժամկետ անցկացումը կարող է անբարենպաստ լինել գործող կոալիցիայի համար և առաջարկում են ավելի երկար սպասել։ Մասնավորապես, «Կրոնական սիոնիստների» առաջնորդ Բեզալել Սմոտրիչը, վախենալով, որ իր ծայրահեղ աջ կուսակցությունը չի հաղթահարի ընտրական շեմը, ձգտում է հետաձգել քվեարկությունը մինչև հոկտեմբերի 27-ը։
Սկզբնապես Քնեսեթի հաջորդ ընտրությունները նախատեսված էին այդ օրը:



