Հենրիխ Մխիթարյանն ու Նաիր Տիկնիզյանը «ոսկե դուբլ» են ձևակերպել
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր:
Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»: 37-ամյա Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանին և փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ է Իտալիայի գավաթակիր դառնում «ներաձուրիների» կազմում: Ամսվա սկզբին «Ինտերը» նվաճել էր նաև «սկուդետոն»՝ դառնալով Իտալիայի չեմպիոն:
Իր թիմի՝ «Ցրվենա Զվեզդայի» կազմում երկու տիտղոս է նվաճել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը: Սերբիայի գավաթի եզրափակիչում նրա թիմը խաղից հետո 11-մետրանոց հարվածաշարում 5:4 հաշվով հաղթել է «Վոյևոդինային»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Նաիր Տիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և դաշտում անցկացրել ամբողջ խաղի ընթացքում։
Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» ժամանակից շուտ հաղթել էր Սերբիայի առաջնությունում: Այսպիսով` Հայաստանի հավաքականի պաշտպանը ոսկե դուբլ է «ձևակերպել»՝ դառնալով Սերբիայի չեմպիոն և գավաթակիր:



