Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել ռուսական նավթի համար նախատեսված արտոնությունը. Bloomberg
Իրանի դեմ պատերազմով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի պայմաններում Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել ռուսական նավթի համար նախատեսված արտոնությունը։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են թեմային ծանոթ աղբյուրները։
Հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտը դեռ չի երևում՝ Նյու Դելիից պաշտոնյաները դիմել են Վաշինգտոնին, որպեսզի ամերիկյան կողմը չխոչընդոտի ռուսական նավթի գնումները։
Նրանք նշել են, որ նավթի մատակարարումը առաջնահերթություն է Հնդկաստանի համար՝ հաշվի առնելով նավթի շուկայի շարունակական անկայունության հետևանքները։
Bloomberg-ի զրուցակիցները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են, որ էներգետիկ ճգնաժամը արդեն իսկ ազդել է 1.4 միլիարդ հնդիկների վրա, ովքեր խոհանոցային գազի պակասի խնդրին են բախվել։
Հնդկաստանի նավթի նախարարությունը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս թեմայով։



