Հայաստանը բարձրացնում է իր խաղադրույքները ՌԴ-ԵՄ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ

Երեք ամսից իր գործունեությունն ավարտող ներկա գումարման Եվրոխորհրդարանը մեկ ամսվա ընթացքում ընդունեց Հայաստանին վերաբերող երկու բանաձև։ Զերծ մնալով նման շտապողականության վերաբերյալ մեկնաբանություններից, հակիրճ անդրադառնամ վերջին բանաձևի մի քանի դրույթներին։

Հատկանշական է, որ Եվրոխորհրդարանը հետևողականորեն դատապարտեց Ադրբեջանի և նրա ղեկավարների ոչ կառուցողական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ։ Տարակուսելի է մեկ հանգամանք. խորհրդարանն ըստ էության խուսափեց Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) բնակչության բռնի արտագաղթն էթնիկ զտում միանշանակ որակելուց։ Դրա հետ մեկտեղ՝ Եվրոխորհրդարանի որոշման 14-րդ կետն արձանագրեց արցախահայության՝ Ղարաբաղ վերադառնալու և «միջազգային ներկայության ներքո իրենց տներում արժանապատվորեն և ապահով ապրելու» իրավունքը։ Սա լուրջ հեռանկար է բացում և հնարավորություն ընձեռում Հայաստանի և սփյուռքի շահագրգիռ քաղաքական կառույցներին՝ համախմբել իրենց ուժերը ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների համար պայքարի գործում։

Բանաձևի ոգուց ու տառից տպավորություն է ստեղծվում, որ կողմերն ինչ-որ լուծում են շոշափել առանց Ռուսաստանի մասնակցության Նախիջևանից Ադրբեջան հաղորդակցության տրամադրման գործում։ Եթե այս ենթադրությունը հիմնավորված է, ապա այն կբերի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական չեղարկմանը՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով։

Չնայած բանաձևի հնչեղությանը, դեռ վաղ է խոսել Հայաստանի՝ որպես ԵՄ-ի թեկնածու երկրի մասին։ Սակայն հայ արևմտամետները կարող են այն գրանցել իրենց ակտիվում։ Այս կապակցությամբ առանցքային է բանաձևի առաջին կետը. ողջունելով Հայաստանի «ցանկությունը՝ առաջնայնություն տալու ԵՄ-ի հետ իր հարաբերություններին», այն պարտադրում է ԵՄ-ին «առավելագույնս օգտվել այս պոտենցիալ աշխարհաքաղաքական տեղաշարժից և աջակցել Հայաստանին՝ ավելի ուժեղ խարսխվել ժողովրդավարական երկրների համայնքում»։

Կարդացեք նաև

Նրանից, թե ինչպես ԵՄ-ն կօգտվի Հայաստանի փոփոխություն ապրող արտաքին քաղաքականության վեկտորից, տարածաշրջանի այլ խաղացողներ ևս կորոշեն իրենց հարաբերությունների բովանդակությունը Հայաստանի հանդեպ։

Հենց այս համատեքստում են աչքի ընկնում բանաձևի ընդգծված հակառուսական դրույթները։ Ինչ խոսք. դա դեռ փոխհատուցվում է արևմտյան երկրների և կառույցների կողմից, անտեսվում են նաև մեր «չարությունները»։ Այսպես, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը ԵՄ-ից դեպի ՌԴ սահմանափակված ապրանքների զուգահեռ արտահանմանը, ԵԽ-ն բավարարվել է միայն այդ փաստի արձանագրմամբ (ԵԽ բանաձևի K և 6-րդ կետերը): Սա կարևոր է. ներկայումս Ռուսաստանի տնտեսության կախվածությունը Հայաստանից դեպի ՌԴ վերարտահանման կանալներից՝ զգալիորեն խթանում է մեր երկրի տնտեսական աճը։ Ռուս-ուկրաինական պատերազմն ազդեցության լծակներ և տնտեսական օգուտներ ընձեռեց որոշ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանին՝ ներգրավվելու ՌԴ ռազմավարական ճյուղերի մատակարարումներին։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, այլ երկրների պարագայում և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը՝ իր դաշնակիցների հետ, կիրառում են պատժամիջոցներ։

Այս ամենով հանդերձ, վտանգավոր եմ համարում Ռուսաստանի հանդեպ Հայաստանի «բողոքները և դժգոհությունները» Եվրախորհրդարանի բանաձևով ամրագրելը և հանրայնացնելը։ Եղած ռեսուրսները հազիվ թե բավարարեն Հայաստանին՝ խաղադրույքներ բարձրացնելով՝ ներգրավվել Արևմուտք-Ռուսաստան օրեցօր թեժացող աշխարհաքաղաքական մրցակցությանը։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս