Բռնվե՛ք՝ չընկնեք. ժողովրդավարության ցուցիչով Պապուա Նոր Գվինեան, որտեղ դեռ մարդ են ուտում, ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը. Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ վաղը կլրանա 9-րդ ամիսը, ինչ Արմեն Աշոտյանը գտնվում է կալանքի տակ։

«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, սա արձանագրել է նաև Եվրոպայի ամենամեծ վերազգային կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի անդամ է փորձում դառնալ ՔՊ-ն։ Այդ ճանապարհին ՔՊ-ի կոկորդին կանգնած են մյուս քաղբանտարկյալները և առաջին հերթին՝ Արմեն Աշոտյանը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Միաժամանակ նա հիշեցրեց՝ «Տելեգրաֆի» ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը զիջել է իր դիրքերը, և այդ ցուցիչով Հայաստանից ավելի ժողովրդավար են Զամբիան, Մալին, Պապուա Նոր Գվինեան, որտեղ ցեղախմբերը երբեմն մարդ են ուտում։

«Իհարկե, Հայաստանի իշխանությունները դեռ մարդ չեն ուտում, ինչպես Պապուա Նոր Գվինեայում, բայց ՀՀ իշխանությունները, մարդակերության փոխարեն, օրինակ, ամեն ինչ անում են, որ դատարանում Արմեն Գրիգորյանը մահանա, ամեն ինչ անում են բանտում 9 ամիս պահելու Արմեն Աշոտյանին, որպեսզի նա այստեղ մահանա։ Հիմա տրամաբանական հարց է ծագում՝ միանգամի՞ց ուտել մարդուն, թե՞ այսպես մարդկանց սպանել՝ քաղաքական հալածանքներով»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Խոսելով Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այնտեղ կոչ էր արվում ԵՄ-ին դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագրերը.

«Դադարեցրե՞ց, իհարկե չդադարեցրեց՝ «ֆիգ» մեզ բոլորիս։ Այսինքն՝ դրանք գրված են միայն թղթի վրա, որոնք հետագա կիրառություն չունեն, ինչպես Հաագայի դատարանի բանաձևը՝ Բերձորի միջանցքը բացելու համար, բացվե՞ց, այո, բացվեց՝ Արցախը հայաթափելու համար։

Մարտի 19-ին ԵԺԿ-ում քննարկում է լինելու, որը վերաբերելու է Ադրբեջանի բանտում պահվող մեր գերիներին ու Արցախի քաղաքական էլիտային։ Մոտավորապես կանխատեսում եմ, թե քննարկումներն ինչ հունով են գնալու։ Ընդամենն ուզում եմ ակնկալել և դիմում եմ ԵԽ իմ գործընկերներին՝ մեզ էմոցիոնալ ֆաստֆուդ, ճառեր պետք չեն, Բաքվի բանտում մեռնում է Արցախի քաղաքական էլիտան, մեռնում են այն գերիները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բանտված են։ Ամեն ինչ արեք այդ մարդկանց ազատելու համար, ոչ թե ձեր լռությամբ խնդիրը հասցրեք այնտեղ, որ բարոյական, ֆիզիկական, անմարդկային ճնշումների տակ Արցախի քաղաքական էլիտայից կորզեն նվաստացուցիչ հարցազրույցներ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս