«Այս բոլոր գործերը մի օր շատ դաժան ձևով տրաքելու են Եվրոպական դատարանում. Չեղարկեք՝ պրծեք, Դանիել Օրտեգայի «սթայլով» շարժվեք առաջ». Նաիրա Զոհրաբյան
Արդեն փաստաբաններն ահազանգել են, որ դատարանն արգելել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանին հեռախոսով խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ: Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորն իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է «անմարդկային և ցնցող»:
«Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից»,- բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչը:
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է հուլիսի 9-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Այս պահին կալանավորված են նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ուժեղ Հայաստան»-ից Ալիկ Ալեքսանյանը և այլ հասարակական ու քաղաքական գործիչներ։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այն, որ չեն թողնում, որպեսզի Արեգնազ Մանուկյանը շփվի անչափահաս դստեր ու մոր հետ, մարդու իրավունքի և միջազգային նորմերով ամրագրված երեխայի լավագույն շահի ու իրավունքի կոպտագույն ոտնահարում է։
«Ես չգիտեմ՝ Արեգնազ Մանուկյանն ինչ հանցագործություն է արել, որովհետև այն, ինչի մասին խոսում են, դա հանցագործություն չէ, համենայնդեպս, տեսնելով այն, ինչը հրապարակվել է մամուլում։ Բայց կնոջը զրկել անչափահաս երեխային տեսնելուց, որն ուղղակիորեն անդրադառնում է երեխայի հոգեբանական վիճակի վրա, զրկել նրան 85-ամյա մորը, նաև հիվանդ քրոջ հետ հանդիպելու հնարավորությունից՝ սա խոշտանգում է միջազգային բոլոր նորմերով։ Կրկնում եմ՝ սա կալանավորված անձի խոշտանգում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Արեգնազ Մանուկյանի հետ տեղի ունեցածից հետո, ակնկալում էր գոնե միջազգային կառույցների արձագանքը, որքան էլ ՀՀ ներկայիս իշխանությունն իրենց ընտրյալն ու ֆավորիտն է, գոնե պետք է կնոջ հետ տեղի ունեցած այս աղաղակող դեպքին անդրադառնային։
«Ես երևի հերթական անգամ այս առումով մի քիչ լավատես էի, մենք տեսնում ենք քար լռություն՝ ոչ միայն միջազգային հանրության և Հայաստանում իբր դեռ գոյություն ունեցող քաղաքացիական հասարակության կողմից, միայն մի քանի կազմակերպություններ անդրադարձան։
Շատ կարևոր է, որ կին գործիչներն իրենց ձայնը բարձրացրեցին, բայց տեսնում ենք զրո արձագանք։ Կալանավայրում գտնվող մարդուն, խախտելով անմեղության կանխավարկածը, որովհետև այն, ինչ վերագրում են Արեգնազին, դեռ պետք է ապացուցեն։ Մտածում են, որ Արեգնազն այնպիսի հանցագործ է, որ իր անչափահաս երեխային հանդիպելով՝ կարող է ուղղակիորեն վնասել գործի նախաքննությանը՝ պետք է առնվազն անմեղսունակ լինեն»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա շեշտեց, որ բոլոր կալանավորումների դեպքում են այսպիսի անօրինություններ տեղի ունենում։
«Օրինակ, ինչո՞ւ են Արմեն Աշոտյանը, Ավետիք Չալաբյանը կալանավորված, ինչո՞ւ էր Բագրատ սրբազանը կալանքի տակ, որ հիմա ՄԱԿ մարդու իրավունքների հանձնակատարի ենթակայության տակ գտնվող փորձագետների խումբն արդեն լրաջույն առարկություններ է ներկայացնում։ Պարզ է, չէ՞, որ այս բոլոր գործերը մի օր շատ դաժան ձևով տրաքելու են Եվրոպական դատարանում, սրանք գործեր են, որոնց դեպքում տարբերակ չկա, որ չտրաքեն։ Ցավոք, այս ընթացքում քանի դեռ այս իշխանությունը պետք է Եվրոպային, Արևմուտքին, մարդու իրավունքի, ազատությունների մասին խոսելը դառնում է ավելորդ անհեթեթություն»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ նախկին պատգամավորն այս համատեքստում հիշեցրեց Նիկարագուայի նախագահի վերջերս արած առաջարկությունը, ըստ որի՝ Նիկարագուայում առհասարակ պետք է չեղարկեն ընտրությունները։
«Նույնն առաջարկում եմ այս ռեժիմին՝ չեղարկեք, պրծեք, պարզապես ստեղծեք մի համակարգ, որտեղ ոչ մի այլ ուժ առաջադրվելու իրավունք չունի, ընդդիմություն գոյություն ունենալու իրավունք չունի, և Դանիել Օրտեգայի «սթայլով» շարժվեն առաջ։
Ես այս ամենը բացարձակ չեմ բացառում, երբ ասում էին, որ Նիկարագուայի նախագահը նման առաջարկությամբ է հանդես եկել, բնավ չեմ բացառում, որ ՀՀ ղեկավարությունը նման հայտարարությամբ հանդես գա, որ արգելում են բոլոր կուսակցությունների գոյությունը, որ իրենցից բացի, որևէ մեկը շնչելու, ապրելու, քաղաքական-հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի։
Ի տարբերություն շատերի, որ ասում են՝ դե լավ, հո սա էլ չե՞ն անցնելու, ես ոչ միայն չեմ բացառում, ասում եմ՝ սա էլ են անելու, նա էլ են անելու, այն մյուս «օվերտոնի» պատուհանն էլ է բացելու, անելո՛ւ է։ Հիմա պետք է հասկանանք, մենք ունե՞նք ընդդիմություն, որը կարող է այս ամենին դիմակայել, հետո կանխել։ Իմ տպավորությամբ՝ դեռևս ոչ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

