«Փաշինյանը լոլոներ էր կարդում՝ միակողմանի զիջումներն արդարացնելու համար». Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, ըստ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հիմնականում արտաքին լսարանի համար էր:

«Այն ավելի շուտ ուղղված էր միջազգային կառույցներին և Ադրբեջանին: Բնականաբար, ուղղված էր նաև մեր հասարակությանն ինչ-որ բանի նախապատրաստելուն,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Բայց խնդիրը ո՞րն է. Օրինակ, երբ խոսում էր Ադրբեջանի՝ 4 բնակավայրերի պահանջների մասին՝ ըստ էության, ընդունելով դրանք, իր ասածներն ինչ-որ իմաստ ու լեգիտիմություն կունենային, եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն ձեռք բերած լինեին, որ բոլորը վերադառնում են ելման դիրքեր, և վերականգնվում են այն սահմանները, որ գոյություն ունեին հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև:

Բայց մենք նման բան չլսեցինք. Փաշինյանը լոլոներ էր կարդում՝ միակողմանի զիջումներն արդարացնելու համար:

Մինչդեռ Հայաստանը միշտ պնդում էր, որ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է ունենան սկզբունքներ ու քարտեզ, և ասում էր՝ մեր գլխավոր խնդիրներից մեկն Ադրբեջանի հետ այն է, որ մենք չունենք համաձայնեցված միասնական սկզբունքներ ու քարտեզ: Փաշինյանի ասուլիսը երեկ բացահայտեց՝ այս մի կարմիր գիծն էլ է զիջել պաշտոնական Երևանը»:

Կարդացեք նաև

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ այս մոտեցումը ենթադրում է հատվածական, մարզ առ մարզ սահմանագծում ու սահմանազատում, ինչպես նաև՝ միասնական քարտեզի բացակայություն. օրինակ, 1975 թվականի քարտեզի մասին պետք է մոռանալ:

«Եվ այդպես՝ Ադբեջանը հատված առ հատված, ճնշում գործադրելով, հարկադրանքի ուժով գծելու է սահմանները: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այս մի կարմիր գծից էլ հետ կանգնեց: Սա էր երեկվա ասուլիսի հիմնական մեսիջը, ու այն առաջին հերթին հասցեագրված էր միջազգային հանրությանը, Ադրբեջանին, թե ինչպիսի պսևդոխաղաղասեր ենք մենք: Մինչդեռ դա կեղծ խաղաղասիրություն է, քանի որ ցանկացած լուծում, որը չունի բալանս ու հիմնված է միակողմանի զիջումների վրա՝ դա հաղթողի խաղաղությունն է, իսկ մենք հայտնվելու ենք նվաստացուցիչ, զարհուրելի վիճակում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով «թուրք» բառից չվիրավորվելու Փաշինյանի հաստատակամությանը՝ քաղաքական գործիչը նկատեց՝ դա հերթական ոտնձգությունն է հայոց պատմության դեմ, ռևիզիայի ենթարկելու հերթական փորձը:

«Ընդհանրապես, մարդու համար վիրավորական պետք է լինի, եթե իրեն իր անուն-ազգանունով, ազգությամբ, կրոնական պատկանելությամբ չեն դիմում ու ընդունում: Պետք է հասկանա, որ այդ բառով համեմատում են նրա բերած վնասներն այն ավերների հետ, որ մեզ հասցրել են թուրքերը պատմության ընթացքում,- հավելեց Սուրեն Սուրենյանցը՝ նկատելով,- Ես կառաջարկեմ այլ բան անել, որպեսզի հենց ազգային պատկանելության վրա չկենտրոնացվի, իրեն ազգովի «Նաիրի Հունանյան» կոչենք. եթե 3-րդ Հանրապետության պատմությունը նայենք, կա՞ երկրորդ այլ գործիչ, որը պետությանն այդքան վնաս տված լինի»:

Նա ասուլիսի ընթացքում Ռուսաստանից «հրաժարիմքի» հերթական արարներն էլ այս իշխանությունների որդեգրած քաղաքականության բնական շարունակությունը համարեց:

«Փաշինյանի գլխավոր նպատակը ՀՀ ստրատեգիական կողմնորոշումը փոխելն ու ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է: Այս պրոյեկտի մեջ ինքը տեսնում է նաև սեփական քաղաքական խնդիրները լուծելու ձև, միջոց, շանս, ու թե ինչ կլինի երկրի հետ՝ իրեն շատ քիչ է հետաքրքրում:

Բայց եթե մենք իրավական երկիր լինեինք, իրեն ու մի քանի այլ պաշտոնյաների պետք է կանչեին Գլխավոր Դատախազություն ու Ազգային Անվտանգության ծառայություն՝ փաստեր պահանջելու, որովհետև նրանք, ըստ էության, ՌԴ-ին մեղադրում են մեր դեմ արված թշնամական գործողությունների մեջ: Օրինակ, ասում են՝ Արցախում էթնիկ զտում են կազմակերպել, որպեսզի ղարաբաղցիները գան ՀՀ՝ իշխանությունը տապալելու համար, կամ՝ արտաքին երկիր կար, որը Լիսաբոնի գագաթնաժողովից առաջ Հայաստանը ոչնչացնելու խնդիր էր լուծում:

Եթե փաստեր կներկայացնեն, շատ լավ. թող հասարակությունն էլ իմանա, որ, օրինակ, իքս երկիր, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն, մեր դեմ նման գործունեություն է ծավալել: Բայց եթե փաստեր չներկայացնեն, իրավապահ մարմինները պարտավոր են ազգամիջյան թշնամանք հրահրելու հատկանիշներով նրա դեմ քրեական գործ հարուցել:

Ես ուզում եմ հիշեցնել, որ ռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Գրգորյանի դեմ ներազգային թշնամանք շինծու հոդված առաջադրեցին, և նա, ցավոք, հոգեբանական խոշտանգումների հետևանքով մահացավ դատարանի դահլիճում: Ինչպե՞ս է, որ մի անմեղ հայտարարությամբ մարդկային ճակատագիր խեղեցին, իսկ այս դեպքում, երբ հայտարարություններ են արվում, որոնք կարող են երկրի անվտանգային սպառնալիքները հարյուրապատիկ ավելացնել, իրավապահ մարմինները չեն ուզում անդրադառնալ»,- շեշտեց քաղաքագետը:

Սուրեն Սուրենյանցն այսօր իշխողների կառավարման տրամաբանության մեջ դիտարկեց նաև 2018 թվականից հետո հանրությանը մատուցված վիրտուալ կառավարման՝ տիկտոկյան ու ֆեյսբուքյան «պաշտոնական» իրականությունը, որի հերթական դրսևորումներից մեկին ականատես եղանք ասուլիսից հետո՝ տիկտոկում պաշտոնական նամակագրությունը հանրայնացնելու փաշինյանիզմով:

Տեսանյութեր

Լրահոս