Հարկային բեռի ավելացումը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների թանկացման. Արամազդ Կիվիրյան

«Ավելացումը հարկային բեռ է ոչ միայն փաստաբանների համար, այլև քաղաքացիների, որովհետև շրջանառության հարկի ավելացումը, իսկ դրանից հետո՝ նոր հարկային դաշտում գործունեություն ծավալելը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների թանկացման»,- 168.am-ի հետ զրույցում Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությանն այսպես է արձագանքում փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Նախագիծը, որով առաջարկվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 %` ներկայիս 5 %-ի փոխարեն, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից՝ բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում, խիստ քննադատության է արժանացել փաստաբանական համայնքի կողմից:

Տնտեսագետներն այն ևս համարում են խնդրահարույց՝ ընդգծելով, որ սա դառնալու է ուղիղ հարված քաղաքացու գրպանին։ 

«Նույնիսկ 10 տոկոսի պարագայում (ինչը նախատեսվում է ավելացնել հոկտեմբերիի 1-ից) բեռը բավականին մեծանում է, որովհետև 10 տոկոսը հաշվարկվում է ընդհանուր համախառն եկամտից: Այսինքն՝ հաշվի չեն առնվում, օրինակ, փաստաբանական գրասենյակի ծախսերը, և չեն կատարվում նվազեցումներ,- մանրամասնեց Արամազդ Կիվիրյանը՝ շեշտելով, որ հարկային բեռի ավելացումը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների թանկացման,- Փաստաբանական գրասենյակները հանրությանը ծառայություններ մատուցող սուբյեկտներ են, և շահառուն հանրությունն է, անձինք, որոնք օգտվում են իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրենց իրավունքից:

Կարդացեք նաև

Իսկ տվյալ պարագայում, չեմ բացառում, որ լինեն դեպքեր, երբ անձինք, պայմանավորված զուտ ֆինանսական տեսանկյունից՝ չկարողանան օգտվել իրավաբանական օգնությունից, քանի որ դրանք կլինեն բավականին թանկ:

Այս պարագայում, բնականաբար, տուժելու է քաղաքացին, որը հնարավորություն չի ունենալու օգտվել այդ ծառայություններից, կամ՝ օգտվելու դեպքում՝ վճարել մոտավորապես կրկնապատիկի չափով»:

Փաստաբանը, ի դեպ, պետության հարկային նման վարչարարությունը համարում է տնտեսական իրողությունների ուղիղ հետևանք:

«Սա վկայում է այն մասին, որ պետական բյուջեն շատ վատ վիճակում է. որոշ չափով վերելքը, որը պայմանավորված էր ռելոկանտների ներհոսքով, արդեն անկում է ապրում, պետության ծախսերն ավելանում են, և արդեն տարբեր ուղղություններով տեղի են ունենում հարկային փոփոխություններ, որոնք հանգեցնելու են ավելի շատ հարկերի գանձման ու ըստ այդմ՝ նաև համապատասխան ծառայությունների թանկացման»,- նշեց նա:

Արամազդ Կիվիրյանն այդ իրավիճակում չբացառեց նաև ստվերի աճը՝ նկատելով, որ հնարավոր է՝ լինեն մասնագետներ, որոնք արդեն ցույց չեն տա այն ծառայությունների մատուցման ծավալը, որն իրականացնում են:

Տեսանյութեր

Լրահոս