Իշխանությունները մերժում են իրականությունը. սրանք հոգեբանական խնդիրներ են. Արթուր Խաչիկյան

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն այսօր «Ինչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, ասաց, որ Ալիևի վարքագիծը գնալով ավելի ագրեսիվ է  դառնում, նա լավ գիտակցում է, որ Հայաստանն այսօր դժվարին վիճակում է՝ սեփական դիվանագիտական սխալների պատճառով։

«Ադրբեջանը պահանաջում է «միջանցք» և ասում է, որ սահմանը չպետք է լինի 70-ականների քարտեզներով, այլ պետք է լինի ըստ այն իրավիճակի, ինչ կա հիմա, այսինքն՝ որ տարածքը բռնագրավել են, դրանք մնալու են։  Ալիևն այսօր ուժեղ դիրք ունի, նրանից կախված են և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա մենք տեսնում ենք, որ այն իսկապես եռում է։ Մեր սահմաններին շատ մոտ արդեն տեղի է ունենում խոշոր ռեգիոնալ կոնֆլիկտ, որտեղ ընդգրկված է Իրանը, որոշ չափով՝ Պակիստանը, Իսրայելը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան։ Սա բավականին խոշոր, ռեգիոնալ պատերազմ է, այդ պատերազմը բարենպաստ իրավիճակ է  ստեղծում Ալիևի և Էրդողանի համար, քանի որ նրանք օգտվելով այս իրավիճակից, իրենց ծառայությունները կարող են առաջարկել Արևմուտքին, փորձ է լինելու Իրանը ներգրավել պատերազմի մեջ»,- նշեց միջազգայնագետը։

Ըստ նրա, թուրք-ադրբեջանական տանդեմն Արևմուտքին մատուցած ծառայության դիմաց կպահանջի Հայաստանը, օրինակ, Սյունիքի տարածքը, որպեսզի ավելի հեշտ  տեղափոխեն իրենց ռազմական ուժերը։

Կարդացեք նաև

«Մենք գիտենք, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական դաշինք կա, Ադրբեջանն իսրայելական զենքով հաղթեց հայերին։ Այսինքն՝ շուտով լինելու է պատերազմ ընդդեմ Հայաստանի։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, առճակատում չի ուզում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, երկուսից էլ կախվածության մեջ է։ Դաշնակիցներ գտնելու մեր հնարավորությունները փակ են։ Ինչ վերաբերում է մեր արևմտյան երազանքներին, ապա երեկ խոսել եմ Ֆրանսիայի շատ լուրջ մարդկանց հետ, վերլուծական շրջանակներից ասացին, որ հայերին շատ են սիրում, բայց չեն կարող զինվոր ուղարկել Հայաստանի համար մահանալու։ Եվրոպան Թուրքիայի հետ չի առճակատվելու, հատկապես Կովկասում, որտեղ կա Ռուսաստանի վտանգը եվրոպացիների համար»,- շեշտեց Արթուր Խաչիկյանը։

Նրա բնորոշմամբ՝ իրավիճակը բավականին դժվար է, նախ՝ Արևմուտքի սիմվոլիկ ժեստերից բացի, այլ բան չի սպասում, Ռուսաստանն ու Իրանն էլ բավականին դժվարին վիճակում են։

Այս ամենի համատեքստում՝ միջազգայնագետն ասաց, որ հայ հասարակությունը չգիտի ինչ անել, իսկ իշխանությունն ամեն ինչ գիտակցաբար է անում, և եթե Էրդողանը լիներ ՀՀ ղեկավարը, այսպես չէր քանդի երկիրը։

«ՀՀ իշխանությունն իրականությունը մերժում է, այնպիսի տպավորություն է, որ իրենք այլ մոլորակում են ապրում։ Նրանք ասում են, որ ամեն ինչից հրաժարվում են, բայց ոչ խաղաղության օրակարգից, սա հոգեբանական խնդիր է, որը ես չեմ կարող վերլուծել»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս