Մաքդոնալդսներ՝ եկեղեցիների փոխարեն
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որպես կանոն, լինում են կամ անհեթեթ, կամ հակապետական, և ծիծաղ կամ վրդովմունք են առաջացնում։ Առանձին-առանձին քննարկելու դեպքում դրանք կարելի է վերագրել անգրագիտությանը, տհասությանը, կոլաբորացիոնիզմին։ Բայց ամբողջության մեջ, մեկ ընդհանուր համատեքստում դիտարկելու պարագայում այդ հայտարարությունները ստանում են միանգամայն այլ նշանակություն և վկայում են իշխանության կողմից հանրության հանդեպ իրականացվող հոգեբանական տեռորի մասին։
Որևէ իշխանություն՝ իր քայլերով, վարվող քաղաքականությամբ, հասարակությանը հղում է ուղերձներ, փոխանցում է լավ կամ վատ իմաստներ, սահմանում է բարձր կամ ցածր նշաձողեր։ Եվ եթե ամբողջացնենք Հայաստանի պաշտոնյաների կողմից արտաբերվող իմաստները, ապա դրանք հանգում են մի կողմից՝ հանրային հոգեբանության, արժեհամակարգի, ավանդույթների հիմնարար քանդմանը, մյուս կողմից՝ դրա փոխարեն միայն նյութական արժեքների, մատերիալիստական չափորոշիչների ներմուծմանը։ Հայ Առաքելական եկեղեցու, հայոց պատմության, ավանդական ինստիտուտների, արդեն նաև Սահմանադրության ու դրա հիմքում ընկած ոգեղեն բաղադրիչների դեմ իշխանության պայքարի նպատակը հայ հասարակության հոգևոր անվտանգության հիմնահատակ ավերումն է։
Բայց այնպես չէ, որ իշխանությունը՝ վերացնելով անցյալից ժառանգված հոգևորը, փորձում է դրա փոխարեն հաստատել թեկուզ նոր, սակայն կրկին հոգևոր որևէ արժեհամակարգ։ Ոչ, դրա փոխարեն իշխանությունն ամեն ինչ անում է հասարակությանն ամբողջությամբ օգտապաշտական կույտի վերածելու համար, ինչի մասին են վկայում ամենաբարձր մակարդակով հղվող ուղերձները։
Չի հեռարձակվում Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը, փոխարենը՝ րոպեներ անց հանրությունը զառանցանք է լսում հարկ վճարողի մասին, դպրոցներում է հայտնվում հայոց պատմությունն աղավաղող դասագիրք, շաբաթներ անց հայտարարվում է այն «Հայաստանի պատմության» վերանվանելու մասին, իրական հաղթանակներ կերտած հերոսները դատվում են հայկական և ադրբեջանական բանտերում, փոխարենը՝ հերոս է հռչակվում անցյալուրաց մեկը։
Եվ բոլոր այս ու չթվարկված բազմաթիվ քայլեր հանրությանը մատուցվում են «խաղաղության ձգտման» վերնագրի ներքո, որի հիմնական նպատակ է հայտարարվում հայրենիքն առևտրային տարածքի վերածելու, դրանից դրամական եկամուտներ ստանալու հնարավորությունը։
Այս ամենն արվում է քարոզչական բազմաթիվ խողովակներով ու մեթոդներով, երբեմն՝ բացահայտ, ավելի հաճախ՝ անտեսանելի միջոցներով, բայց կարևորն այն է, որ դա վստահաբար ոչ թե հիմարության առանձին պոռթկումների, այլ ինչ-որ տեղում մշակված ու իրագործվող համակարգված քաղաքականության արտահայտություն է։
Եվ ընդգրկման ծավալներից դատելով՝ մեծ է վտանգը, որ հասարակության՝ առանց այդ էլ խարխլված դիմադրողականությունը թուլացվելու է այնպես ու այնքան, որ այն այլևս ոչ միայն սեփական հոգևոր անվտանգության դեմ ուղղված քայլերին դիմակայելու հնարավորություն չունենա, այլև ցնծությամբ ընդունի իշխանության կողմից որպես նոր արժեհամակարգ մատուցված մատերիալիստական աղբը։
Փոքր-ինչ գռեհկաբանորեն, բայց պատկերավոր ասած՝ իշխանությունն անում է ամեն ինչ եկեղեցիները Մաքդոնալդսով փոխարինելու համար, բայց դա անում է այնպես, որ հասարակությունը ողջունի սրբապղծությունը։ Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ, արդեն էական չէ։
Հարություն Ավետիսյան