Փաշինյանի թիմում չկան այն մասնագետներն ու գիտակները, որոնք կարող են երկրի համար ճիշտ Սահմանադրություն գրել. Վարդան Այվազյան

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության և ոչ թե՝ Սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- իր ամբիցիոզ ծրագրերի մասին հետևյալ դիտարկումն է արել նա՝ Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, սակայն ընդգծել է, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելն «ամենահարմարն է» Հայաստանի Հանրապետության համար: Հետո իր այս տեսակետը հիմնավորել է թեզով՝ «եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման աշխատանքների մասին, որում ներգրավված է Արդարադատության նախարարությունը, անդրադարձել է անվտանգային հարցերին:

«ՀՀ անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Սա նշանակում է, որ մենք խնդիր ենք դնում՝ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքով՝ թեև գործող Սահմանադրությունը պետք է փոխել,  նաև համոզված է՝ այդ առաքելությունը գործող իշխանությունների կարողություններին համապատասխան չէ:

«Մեր երկիրը պետք է նոր Սահմանադրություն ունենա, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի նոր Սահմանադրությունը, որովհետև Փաշինյանի թիմում չկան այն մասնագետներն ու գիտակները, որոնք կարող են երկրի համար ճիշտ Սահմանադրություն գրել»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց մասնագետը:

Դիտարկմանը, որ մտահոգություններ կան, թե այդ նոր Սահմանադրությունը գալու է լեգիտիմացնելու տարբեր փաստաթղթերի տակ Նիկոլ Փաշինյանի կողմից դրված ու դրվելիք ստորագրությունները, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանագծման արդյունքները վավերացնելու համար, նաև վերջնականորեն մերժելու «Արցախի» գաղափարը, որն առկա է Անկախության հռչակագրում, Վարդան Այվազյանն արձագանքեց՝ չհերքելով դրանց հնարավորությունը:

«Սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրությունը երկու նպատակով կարող են լինել.  առաջինը՝ եթե պետության կառույցը խնդիր ունի, այդ խնդիրը լուծել, այսինքն՝ սխալները շտկել, և երկրորդ նպատակը՝ ընթացիկ իշխանության հարմարավետությունը բարձրացնել, իրենց ցանկություններին հագուրդ տալն է:

Այժմ չգիտեմ՝ ինչ նպատակ կա: Բոլոր դեպքերում, Սահմանադրությունը պետք է մասնագետները գրեն օբյեկտիվ, այլ ոչ թե քաղաքական ուժերը՝ ելնելով իրենց նեղ քաղաքական շահերի նպատակահարմարությունից»,- պարզաբանեց սահմանադրագետը:

Տեսանյութեր

Լրահոս