Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը հեռացավ 2020թ. նոյեմբերի 20-ին. դրանից 3 օր առաջ նա 2-րդ բանակային կորպուսում էր, ի՞նչ կապ ուներ Քարվաճառի ուղղությունը
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, բացի վտանգավոր թեզերից, Հայաստանին ուղղված պահանջներից, նաև 44-օրյա պատերազմին առնչվող «ինքնախոստովանություններ» և կարևոր գաղտնազերծումներ էր արել, որոնց մանրամասն 168.am-ն անդրադարձել էր։
Ալիևը, մասնավորապես, խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու «ազատագրել»:
«Իհարկե, մենք դա կանեինք, բայց մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Անգամ հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են՝ որքան բարդ է այնտեղ ռելիեֆը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի կապիտուլյացիայի մասին ակտը Հայաստանը չստորագրեր, Ադրբեջանը շարունակելու էր պատերազմը, ուստի փորձ է արվել միջնորդավորված բանակցությունների միջոցով հասնել դրան: Արդյունքում, ընդունվել է եռակողմ հայտարարություն այն պայմաններով, որն Ադրբեջանի ղեկավարին թույլ է տալիս այն համարել քաղաքական մեծ հաջողություն:
Ի դեպ, Ալիևը Քարվաճառն ուժով ազատագրելու բարդության և անհնարինության մասին առաջին անգամ չի խոսում, և ոչ էլ՝ անհիմն: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Քարվաճառի հատվածում հայկական բանակը ոչ մի սանտիմետր տարածք, դիրք չի կորցրել, իսկ Ադրբեջանը բավականին մեծ կորուստներ է տվել: Եվ այստեղ լուրջ դերակատարում է ունեցել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսը, որի հրամանատարն այդ ժամանակ գեներալ Արայիկ Հարությունյանն էր, ով արդեն մեկ տարի է՝ կալանավորված է՝ 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումների գործով: Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես գրել էինք, 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ակամա խոստովանել էր՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:
Մեր վերը նշված հոդվածում մենք նկատել էինք, որ Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում, ըստ էության, ընդունել է հայկական բանակի կարողությունը՝ պահել Քարվաճառը և Լաչինը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը՝ նույն հարցի հետ կապված, 2020 թվականի նոյեմբերի 12-ին իր ուղերձում, մասնավորապես, նշել էր.
«….եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավական հեռու և պաշտպանական կառույցներ ու ամրություններ չունեին։ Նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:
Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի»:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քարվաճառի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, այնուհետև 10 օրով ժամկետը հետաձգվեց՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության և զորքերի դուրսբերումը:
Ռազմական ոլորտի մասնագետները և զինվորականությունը լռում են այն հարցի շուրջ, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ և ստեղծված պայմաններում կարո՞ղ էինք առանց կրակոցի չհանձնել Քարվաճառը և հետո պահել:
Մյուս կողմից, մեր հոդվածում մենք հարցադրում էինք արել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարությունը փորձե՞լ է ինչ-որ կերպ ընդդիմանալ Քարվաճառի անկրակոց հանձնմանը, և, որ համապատասխան կետը հանվի եռակողմ հայտարարությունից, ինչպես դա արվել է Տավուշի դեպքում: Ավելին, ինչպես 2021 թվականին մի առիթով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր գաղտնազերծել՝ Աղդամի փոխարեն՝ Հադրութի վերադարձման առաջարկ է արել: Սա հետո 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում հաստատել էր Նիկոլ Փաշինյանը՝ «Ադրբեջանը չընդունեց Աղդամը՝ Հադրութի դիմաց բանաձևը»:
Եվ քանի որ ռազմական նախկին ղեկավարությունը ճիշտ չի համարում 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող կարևոր ռազմական և ոչ ռազմական դրվագների գաղտնազերծումը, ուստի փորձել ենք որոշակի բաց փաստեր համադրելով՝ որոշակի եզրահանգումներ հանել: Եվ այսպես:
2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը ծանոթանալու նպատակով, և հանդիպել 44-օրյա պատերազմից վերադարձած ու Քարվաճառը պահած ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի մարտիկներին, շնորհակալություն հայտնել նրանց իրենց վստահված առաջնագիծն անսասան պահելու համար: Երկրորդ զորամիավորման յուրաքանչյուր զինծառայողի կենսագրությունում մի հերոսական դրվագ կա:
«Զինուժի» պատրաստած տեսանյութում խոսվում է, որ բանակային զորամիավորումն անմիջապես անցել է զորքի վերախմբավորման, և վերաբաշխման աշխատանքներով է զբաղված, այնուհետև այդ ժամանակ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանը որոշակի մանրամասներ է հայտնում և ներկայացնում այն փոփոխությունները, որոնք փուլային տարբերակով նախատեսված էին իրականացնել նախքան պատերազմը զբաղեցրած բնագծերում, նաև լինելու էին միջոցառումներ, որոնք պիտի ապահովեին պետական սահմանի անձեռնմխելիությունը և անառիկությունը:
«Նախարարին ներկայացվեցին այն բնագծերը, որոնք զբաղեցրած ենք եղել մինչև այս պահը, և թե ինչ է նախատեսվում համաձայն ԳՇ պետի (Օնիկ Գասպարյանի) կողմից հաստատված դիրեկտիվայի: Այսինքն, ըստ մարտական խնդիրների, կիրականացվեն միջոցառումները: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, տղերքն ուժեղ են, որևէ խնդիր չկա»,- հրապարակված տեսանյութում շարունակել էր գեներալ Հարությունյանը:
Բայց արի ու տես, որ սրանից 3 օր հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը որոշում է հեռանալ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:
«Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով՝ խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հետ «տարաձայնություն» է ունեցել նաև Քարվաճառի հետ կապված, այսինքն՝ քաղաքական իրավիճակը նաև այս հարթությունում էր լարվել: Այսինքն, հնարավոր է՝ Դավիթ Տոնոյանն իր ռուս գործընկերոջ հետ քննարկած լինի 2020 թվականի նոյեմբերի 15-ի փոխարեն՝ ոչ թե նոյեմբերի 25-ին Քարվաճառն անկրակոց հանձնել Ադրբեջանին, այլ շատ ավելի ուշ, որպեսզի հայկական կողմը հասցներ այդ ուղղությամբ ՀՀ բնագծերն ու դիրքերն ամրացնել, իսկ Փաշինյանը կուլ է գնացել Ալիևի ճնշմա՞նը, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի հատվածում հետո՝ 2021 թվականի մայիսին, ադրբեջանական կողմը կարողացավ առաջխաղացում ապահովել և չի պատրաստվում դուրս գալ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին իր տարածած հայտարարության մեջ Դավիթ Տոնոյանը նշել էր.
«2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:
Արդյոք Քարվաճառի հետ կապված մանրամասներ Դավիթ Տոնոյանը հայտնել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովում, բնականաբար, չենք կարող ասել, քանի որ նման հարցերը, թերևս, քննարկվել է փակ նիստում:
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը զինադադարի փաստաթուղթ էր:
«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթն ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»,- ընդգծել էր նա:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում էր նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ:
Գուցե այս հարցում ևս ինչ-ինչ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Դավիթ Տոնոյանը, որոնք խախտվեցին, այդ թվում՝ Դադիվանքի մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, թերևս, մի օր կիմանանք: