Նոր պատերազմ, նոր կալվածքներ

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների սանձազերծման հավանականությունը կրկին մեծացել է։ Իրականում այդ վտանգը եղել է ու կա անցած ավելի քան երեք տարիներին, պարզապես ժամանակ առ ժամանակ բթացվել է Հայաստանի իշխանությունների քարոզած խաղաղության դարաշրջանով։

Վերջին օրերին, սակայն, անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոսում Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման, որպես դրա հետևանք՝ պատերազմի սպառնալիքի ավելացման մասին։

Պատերազմի հարցում կարծես արդեն իսկ ձևավորվում է որոշակի կոնսենսուս, պարզապես քննարկվում են դրա հնարավոր ժամկետները՝ դա տեղի կունենա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ դրանից հետո, կամ գուցե դա  կպայմանավորվի Ռուսաստանի, հնարավոր է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ելքով։

Հնարավոր պատերազմի սպառնալիքի մասին գրեթե բաց տեքստով խոսում է Ադրբեջանի նախագահը՝ Հայաստանին ներկայացնելով պահանջներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կարող են բավարարվել կա՛մ ՀՀ իշխանությունների ինքնակամ հանձնվելով, կամ պատերազմով։ Բանականությունը հուշում է, որ նման պայմաններում գտնվող երկրի ղեկավարությունն ամեն ինչ թողած՝ պետք է զբաղված լինի պատերազմի պատրաստվելով։ Բայց Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը՝ արվում է ամեն ինչ՝ հնարավոր պատերազմի դեպքում օր առաջ պարտությունն արձանագրելու համար։

Կարդացեք նաև

Ամենաբարձր մակարդակով կասկածի տակ է առնվում հայրենասիրությունը, ծաղրի են ենթարկվում ազգային ինքնությունը, ավանդական արժեքները, իսկ զինվորական ծառայությունը դառնում է պայմանականորեն աղքատների պարտականությունը։ Բոլոր այս և բազմաթիվ այլ անտեսանելի քայլերով իշխանությունն անում է հնարավորը, որպեսզի պատերազմի դեպքում Հայաստանը հաղթելու հնարավորություն չունենա։

Այսինքն՝ իրականում իշխանություններին անհրաժեշտ է ոչ թե դիմակայել Ադրբեջանին, այլ բավարարել նրա պահանջները, պարզապես դա անել այնպես, որ մեղավոր լինեն ոչ թե իրենք, այլ զինված ուժերը, քաղաքացիները, դասալիքները, բոլորը՝ մի խոսքով, բացի իրենցից։

Արցախն Ադրբեջանին հանձնվելու մեկնարկը տրվեց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արկածախնդիր հայտարարությամբ: Դրա պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, հարյուր հազարից ավելի բռնագաղթածներ, կորսված հայրենիք։ Բայց Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր աղետներից հետո պահպանեց իշխանությունը, և նրա քաղաքական թիմի համար անցած տարիները դարձան անհաշվելի պարգևավճարների, կոռուպցիոն գործարքների, բարգավաճման, հարստացման ոսկյա ժամանակներ։

Նրանք շարունակում են վայելել իշխանությունը և նոր հնարավոր պատերազմը դիտարկում են ոչ թե՝ նոր զոհերի ու կորուստների վտանգ, այլ սեփական բարեկեցությունն էլ ավելի մեծացնելու հնարավորություն, քանի որ հույս ունեն, որ պատերազմի միջոցով Ադրբեջանի պահանջները բավարարելուց հետո՝ որպես հավաքական պարգևավճար, կպահպանեն իշխանությունը։ Նրանք չեն ասում, բայց առաջնորդվում են «Նոր պատերազմ, նոր կալվածքներ» բանաձևով՝ հաշվարկով, որ Ադրբեջանի պահանջած հայկական տարածքները հանձնելու դիմաց կավելացնեն իրենց պայմանական կալվածքները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս