ԵՄ պաշտոնական կայքում տեղադրված է 3-րդ նախագահի բանակցած ՍԵՊԱ-ն, որտեղ արձանագրված է՝ ԼՂ կոնֆլիկտը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրատեսական չի համարում մինչև տարեվերջ «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականությունը՝ այդուհանդերձ արձանագրելով, որ հայկական կողմը հասկանում է՝ դրա ուշացումն ի վնաս ՀՀ ինքնիշխանության է:
Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական գործիչը մանրամասնեց. «Ադրբեջանի քաղաքական էլիտան չի խոսում ՀՀ 29.800 քկմ-ի մասին: Լինենք անկեղծ՝ այժմ ՀՀ տարածքը վաղուց 29.800 քկմ չէ. եթե հենվենք Արարատ Միրզոյանի տվյալների վրա՝ 200 կմ-ով պակաս է, եթե հենվենք տարբեր ռազմական փորձագետների տվյալների վրա՝ 400-600 քկմ ՀՀ սուվերեն տարածքը պակաս է: Բայց անգամ այդ սահմաններով Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ՀՀ սուվերեն տարածքը:
Իհարկե, օրեր առաջ Ջեյհուն Բայրամովը հայտարարեց՝ իրենք լավատես են, որ կարծես ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել, բայց ուզում եմ հիշեցնել, որ դրանից մի քանի օր առաջ նա հայտարարել էր՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի բացառապես ադրբեջանական օրակարգով:
Երեկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը լավատեսություն էր հայտնել, որ ԱՄՆ-ը կանի ամեն ինչ, որ մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիը կնքվի, ինչը ես քիչ հավանական եմ համարում, որովհետև հասկանալի է՝ Ադրբեջանը դեռևս չի ստացել իր ակնկալիքների ամբողջ փաթեթը, ինչն ակնկալում է ստանալ ՀՀ-ից. խոսքը վերաբերում է Տավուշի «անկլավներին», Տիգրանաշենին, դատելով ադրբեջանական առաջին դեմքերի հայտարարություններից՝ խոսքը նաև Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հատվածների մասին է, որոնք Ալիևը համարում է «արևմտյան Ադրբեջան»»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այդ պայմանագրի կնքվելու դեպքում էլ, դա լինելու է հերթական կապիտուլյացիան:
Անդրադառնալով Արևմուտքի դերակատարմանն այս հարցում՝ քաղաքական գործիչը հիշեցրեց, որ այս իշխանությունների ձեռքով նա ուզում է մաքրել տարածաշրջանը ռուսական հետքից՝ հայկական կողմի հաշվին:
Ի դեպ, այս համատեքստում նա հիշեց նաև Արցախի կորուստը և այդ առնչությամբ՝ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսում արված հայտարարությունը, որ Ղարաբաղից հրաժարվել է ՀՀ ներկա իշխանությունը:
«Պատերազմից հետո 2021 թվականի հունվարին ԵԱՀԿ ռուս համանախագահ Իգոր Պոպովը ջախջախեց այս իշխանության կտերն առ այն, որ Արցախն ի սկզբանե հանձնված էր: Ավելին՝ առ այս պահը ԵՄ պաշտոնական կայքում տեղադրված է 3-րդ նախագահի բանակցած և ԵՄ բոլոր անդամ-երկրների խորհրդարանների կողմից վավերացված ՍԵՊԱ-ն, որտեղ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում հստակ արձանագրված է՝ ԼՂ կոնֆլիկտը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա»,- հավելեց նա՝ սա հակադրելով այս իշխանության «պրահյան գաստրոլներին, «Շառլ Միշելի ցինիկ հայտարարությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում