Նոր ծախսեր պետական բյուջեից. Փաշինյանի որոշմամբ տարբեր երկրներում դեսպանատներին կից կնշանակվեն կցորդներ
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ներկայացնելով նախագիծը, նկատեց՝ այն միտված է ԱԳ նախարարության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն։
Ներկայում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածում արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սահմանված է առանձնահատկություն՝ այն հանդիսանում է դիվանագիտական ծառայության պաշտոն: Պետական կառավարման համակարգի միասնականությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոնից դարձնելու քաղաքացիական ծառայության պաշտոն:
Գործող օրենքով կարգավորված չեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող ռազմական, առևտրական կցորդների, միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ այլ կցորդների և ներկայացուցիչների, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչների հաստիքների ստեղծման և նշանակման հետ կապված հարաբերությունները: Օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետությունում համապատասխան կցորդի/ներկայացուցչի հաստիք ստեղծելու և նշանակելու կապակցությամբ:
Նախագիծը ներկայացնելուց հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց՝ հաշվարկներ կա՞ն, թե այս փոփոխությունները պետական բյուջեի համար ինչ ծախսեր են ենթադրում, քանի որ բավականին ուռճացված թվերի մասին է խոսքը։
«Այսինքն՝ կցորդներն ունենալու են իրենց տեղակալները, օգնականները, գումարած դրան, որ ընտանիքներով պետք է տեղափոխվեն տվյալ երկիր, և այդ բոլոր ծախսերը պետության վրա է։ Եթե որոշվի, որ բոլոր տեղերում դա պետք է լինի, արդյո՞ք ունենք այն պատկերը, թե մեր դեսպանատներն ունե՞ն այդ հնարավորությունը՝ զուտ շենքային առումով»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։
Մնացական Սաֆարյանը պարզաբանեց, որ ռազմական կցորդ ունենալու հարցով առաջարկն արել է Պաշտպանության նախարարությունը:
«Կարծում եմ՝ ՊՆ-ն նախատեսում է նման ավելացումներ, այն դեպքերում, երբ դա նպատակահարմար է։ Ավելի ճիշտ կլիներ, որ հարցն ուղղեիք ՊՆ-ին։ Ինչ վերաբերում է դեսպանատների պայմաններին, որոշ դեսպանություններում կան նման շենքային պայմաններ, կարծում եմ՝ այդ երկրի մասին ենք խոսում։ Իսկ եթե չունեն, ապա սա արդեն ծրագրային աշխատանք է, ՊՆ-ն կներկայացնի վարչապետին, քանի որ հաստիքների ավելացումը կատարվելու է վարչապետի որոշմամբ»,- ընդգծեց Մ. Սաֆարյանը։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ պատասխանով բավարարված չէ, քանի որ օրենքն ԱԺ ներկայացնելիս, դրան անպայման պետք է կցվի տեղեկանք նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին, ստացվում է, որ նախագիծը թերի է բերվել ԱԺ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ լրացուցիչ պարզաբանում տվեց, թե ռազմական կցորդ հենց վաղը չեն նշանակելու, պարզապես այդ ամենն անելու են՝ ելնելով Պաշտպանության նախարարության կատարած վերլուծություններից: Նա նաև ասաց, որ ռազմական ակտիվ համագործակցությունը պահանջում է ռազմական կցորդներ ունենալ այն երկրներում, որոնց հետ Հայաստանը համագործակցում է։
Այդուհանդերձ մինչև վերջ Արմեն Ռուստամյանը դեմ արտահայտվեց օրենքի նախագծին, պնդելով, որ այն թերի է, և նման թերություններով նախագծի ընդունման հրատապությունն էլ չի հասկանում։
Քննարկումից հետո հանձնաժողովի իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին։