Ընդդիմադիր խոշոր միավորների ճակատ պետք է ձևավորվել. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ որևէ ուժ, այդ թվում՝ Դաշնակցությունը, միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել, և, որ 2026 թվականի ԱԺ ընտրությունները հենց այդ տրամաբանության մեջ են դիտարկելու:
«Այսինքն, այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի, այլ միջոց՝ անիմաստ է: Դրա համար երկու պայման է պետք. առաջին, քաղաքական ուժը պիտի կարողանա հաղթահարել շեմը, որովհետև եթե չհաղթահարեց, դա նշանակում է ձայների փոշիացում և Նիկոլ Փաշինյանի օգտին մասնակցություն, երկրորդ, եթե ինքն անհրաժեշտ շեմն անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այսօրվա վիճակը՝ ընդդիմությունը կաշկանդված է լինելու»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմության հիմնական խնդիրը պասիվ ընտրազանգվածին ակտիվացնելն է, որը չի կարող մեկ ուժ կատարել:
«Ես կարծում եմ, որ ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների ճակատ պետք է ձևավորվի, որոնք քարոզչությունը պետք է տանեն այսպես՝ եթե ինձ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին: Եվ ժողովրդին մղել, որ գնա ընտրության և ընտրություն կատարի ընդդիմության միջից: Դժգոհ ընտրազանգվածը պիտի ընտրելու հնարավորություն ունենա, եթե մեզ չի ուզում, թող այլ ընդդիմադիր ուժի ընտրի: Այսօր 3-4 նման ուժ երևում է»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
