29 743 քկմ-ից խոսելն արդեն անիմաստ է, չունենք այդքան. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանն անդրադարձավ TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի կենսական շահերին և դրանք պաշտպանելու՝ ՀՀ իշխանությունների կարողություններին:
«Նայեք, տեսեք՝ Ամերիկան ինչպես է վարվում մյուսների հետ, Հայաստանն ինչպե՞ս կարող է ինչ-որ վետոյի մասին ծպտուն հանել։ Իհարկե, իշխանությունների ասելով՝ մենք ունենք արդեն մեր երազած Հայաստանը, որը պետք է մենք գովերգենք։ Այսօր Հայաստան՝ որպես պետություն, չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տնօրինում է»,- նշեց նա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Ավելին, Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Իսկ ավելի ուշ մտադրություն կա այս համագործակցությունը երկարաձգել ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ամերիկյան կողմը նախնական արդեն 140 միլիոն դոլար է հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար:
Արմեն Ռուստամյանի խոսքով, չի ի կարող այդպիսի բան լինել, որ քո տարածքով անցնի, ու «դու գոնե կես-կես չլինես»։
«Սա այն աստիճանի նվաստացնող բան է։ Ինչի՞ց են սկսել բանակցելը, որ հասել են 26%-ի։ Շատ ճիշտ էր մեկնաբանել պարոն Օսկանյանը, այսինքն, եթե լուռ նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակ ունենայինք»,- նկատեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ մենք բանակցությունների սուբյեկտ չենք, օբյեկտ ենք, այսինքն, մենք սեղանի վրա ենք, ոչ թե սեղանի շուրջ՝ «մենք այնտեղ նստում ենք ձևական բուտաֆորիայի նման, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կրճոններ մեզ տրամադրեն»:
«Այդ փաստաթղթում իրավական ուժ ունեցող որևէ բան չկա։ Կա իրավական ուժ ունեցող մեկ այլ բան, որն այդ ստորագրած հինգ կետերից մեկն է՝ անխոչընդոտ պետք է կապ ապահովվի Ադրբեջանի երկու մասերի միջև: Դրա հետ կապված մանրամասնություններ կան և դեռ լինելու են։ Ասում են՝ մենք այնտեղ ներկա ենք լինելու որպես սահմանապահ, անձնագրեր ենք ստուգելու, սահմանապահություն ենք անելու, մաքսային ծառայություններն ենք անելու, բայց խորամանկորեն գրել են՝ «ֆրոնտ օֆիս», «բեք օֆիս» հասկացությունները։ Սա ի՞նչ է նշանակում, մենք լինելու ենք «բեք օֆիսում» նստած, «ֆրոնտ օֆիսը» լինելու է նա, ինչ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը և կապահովվի Ալիևի պահանջը, այսինքն, իրենք չպիտի տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք»,- մանրամասնեց Ռուստամյանը:
Այս համատեքստում դաշնակցական պատգամավորը նշել է, որ «29 743 քկմ-ից խոսելն արդեն անիմաստ է, չունենք այդքան»:
Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը, հղում տալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, գրել էր, որ ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
