Ինչպես է «Ժառանգությունն» ապահովելու Տարոն Մարգարյանի վերընտրությունը

Թեև երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին և ընտրական ցուցակը գլխավորելու է «իրենցից մեկը» (ոչ ինքը), որի մասին կիրազեկվի մարտի 22-ի հանրահավաքում, մամուլում արդեն հրապարակվել են  «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջին երեք համարները զբաղեցնող անձանց անունները:

Ըստ այդմ, Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ցուցակը գլխավորելու է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է ներկայումս Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Բախշյանը, իսկ երրորդ տեղում լինելու է «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանի անունը:

Մամուլում հրապարակված տեղեկություններն, իհարկե, պաշտոնական չեն, սակայն, համենայնդեպս, չեն հերքվել «Ժառանգության» կողմից: Ավելին՝ հաշվի առնելով, որ «Ժառանգության» անդամներից որևէ մեկն առայժմ չի հայտարարել, թե այդ տեղեկությունները սադրանք են և ցեխարձակում՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա ղեկավարած շարժմանը (ինչպես վարվել էին ստվերային կառավարության ցուցակի մասին տեղեկության դեպքում, որում ներառված անունների զգալի մասը, ի դեպ,  «Ժառանգության» անդամների անուններն էին), կարելի է ենթադրել, որ դրանք համապատասխանում են իրականությանը:

Իսկ դա  նշանակում է, որ «Ժառանգությունը»  ոչ միայն քաղաքականապես անհասկանալի քայլի է դիմում, այլև դրանով  մեծագույն նվեր է մատուցում իշխանությանը՝ ի սկզբանե ապահովելով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերընտրությունը:
Թե՛ Արմեն Մարտիրոսյանը, թե՛ Անահիտ Բախշյանը, թե՛ Ստեփան Սաֆարյանն իսկապես հարգանքի արժանի գործիչներ են, անցած տարիներին բազմիցս ապացուցել են իրենց ազնվությունը, մշտապես եղել են հանրային, քաղաքացիական շարժումների պայքարի օջախներում: Նրանց արժանիքների շարքը կարելի է երկար շարունակել:

Բայց օբյեկտիվությունը պահանջում է արձանագրել նաև, որ նրանցից որևէ մեկը Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի, առավել ևս՝ ցուցակը գլխավորելու համար, մեղմ ասած, հարմար ու ընկալելի թեկնածու չէ: Խոսքը, կրկնում ենք, ամենևին չի վերաբերում  նրանց անձնական որակներին: Խոսքը նշված գործիչների քաղաքական կշռի մասին է, որը չի համապատասխանում իշխանության դեմ պայքարող ուժի ընտրական ցուցակը գլխավորելու համար անհրաժեշտ որևէ չափանիշի: Ի դեպ, ասվածն ամենևին չի նշանակում, թե նույն Տարոն Մարգարյանը համապատասխանում է այդ չափանիշներին:

Սակայն Տ. Մարգարյանը գործող քաղաքապետն է ու իշխանության թեկնածուն, ում նկատմամբ հաղթանակն ընդդիմությունը կարող էր (է) ապահովել միայն համախմբված մասնակցության և քաղաքական կշիռ ունեցող թեկնածու ներկայացնելու դեպքում: Այո, Տարոն Մարգարյանը քաղաքական հարթությունում գրեթե զրոյական դերակատարում ունի: Բայց նա որոշակի ազդեցություն ունի, այսպես կոչված՝ «քաղաքային միջավայրում»: Դրան կարելի է ամենատարբեր որակումներ տալ՝ սկսած կիսաքրեական հեղինակություններից, մինչև «թաղի տղերք»:

Բայց անկախ այդ շերտի հանդեպ ունեցած վերաբերմունքից, իրողությունն այն է, որ դրա ներկայացուցիչները զգալի ազդեցություն են ունենում ընտրություններում:

Իսկ Երևանում այդ ազդեցությունը մի քանի անգամ մեծանում է  և գրեթե դադարում է գործել միայն այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցում է ընդդիմադիր քաղաքական ուժ՝ համապատասխան հեղինակություն ու կշիռ ունեցող քաղաքական գործիչներով: Բացի այդ, նշված շերտի ներկայացուցիչների համար տեսակային, արժեքային առումով՝ Տարոն Մարգարյանը շատ ավելի ընդունելի է, քան Արմեն Մարտիրոսյանը, ով, ի դեպ, լինելով Երևանի բնակիչ՝ հանրության մեջ ընկալվում է և ինքն էլ հաճախ ներկայանում է՝ որպես ապարանյան ծագում ունեցող գործիչ:

Իհարկե, կարելի է հակադարձել, որ Երևանը բոլոր հայերի մայրաքաղաքն է, և անթույլատրելի է Երևանի քաղաքապետի թեկնածուների քննարկման ժամանակ խոսել նրանց ծագման մասին:

Անշուշտ, կարելի է, բայց դրանից հանրության ընկալումը և վերաբերմունքը չի փոխվելու: Երևանն ունի այդ առանձնահատկությունը, որը գուցե ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ էլ ոչ երևանյան ծագում ունեցող նրա մերձավոր թիմակիցները լավ չեն պատկերացնում: Մի խոսքով, Երևանի ավագանու ընտրություններին Արմեն Մարտիրոսյանի գլխավորած ցուցակով մասնակցելով՝ «Ժառանգությունն» իշխանությանը հնարավորություն է տալու՝ անգամ առանց մեծ ջանքեր գործադրելու՝ ապահովել Տարոն Մարգարյանի հաղթանակը:
Համամասնական ցուցակի նման կառուցվածքն, ի դեպ, տարօրինակ է նաև այլ տեսանկյունից:

Անհասկանալի է, որ այսօր «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու՝ ցանկանում է առաջադրել մեկին, ով ընդամենը 10 ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում էր… 16-րդ հորիզոնականը:

Ցուցակի երկրորդ համարի թեկնածու Անահիտ Բախշյանը «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուից ավելի բարձր էր գնահատվել՝ ստանալով 14-րդ տեղը: Իսկ Ստեփան Սաֆարյանը, ում հիմա «Ժառանգությունը» ցանկանում է հատկացնել Երևանի ավագանու ընտրություններում սեփական ցուցակի երրորդ՝ համեստ հորիզոնականը, ԱԺ ընտրություններում գտնվում էր «քաղաքապետից» ու «առաջին փոխքաղաքապետից» գրեթե կրկնակի չափով ավելի առաջավոր դիրքերում. նա «Ժառանգության» ցուցակի 8-րդ համարն էր:

«Ժառանգության» այս քայլը վկայում է նաև այլ՝ ոչ պակաս կարևոր երևույթի մասին: Տևական ժամանակ ոչ իշխանական ուժերի միջև ակտիվ բանակցություններ էին ընթանում Երևանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելու շուրջ: Այդ բանակցությունների  տապալման տարբեր պատճառներ են նշվում:

Սակայն մինչև հիմա հանրային-քաղաքական շրջանակներում այս թեմայի մասին քննարկումները հանգում էին նրան, որ  հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները՝ մյուս ուժերը պետք է միավորվեին նրա առանցքի շուրջ, հետևաբար, եթե միավորման գործընթացը տապալվել է, ապա մեղավորը մյուսներն են՝ Դաշնակցությունը, «Հանրապետությունը»,  ՀԱԿ-ը, այլ ընդդիմադիր ուժեր:

Սակայն արդեն այսօր կարելի է առնվազն ենթադրել, որ ի սկզբանե միավորման գործընթացը տապալվել է «Ժառանգության» կողմից: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների քանակը հաշվի առնելով, եթե այլ ուժերի առաջարկվում է միավորվել մի ցուցակում, որը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, դա նշանակում է՝ ի սկզբանե ձախողել այդ միավորումը: «Ժառանգությունը» պահանջատիրոջ դիրքերից կարող էր հանդես գալ միայն մեկ դեպքում՝ եթե համամասնական ցուցակը գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, և մյուս ոչ իշխանական ուժերին առաջարկվեր միասնաբար մասնակցել ընտրություններին՝ ցուցակում տեղեր զբաղեցնելով Րաֆֆիից հետո:

Դա և՛ քաղաքականապես, և՛ մարդկայնորեն ընդունելի կլիներ բոլորի համար ու զգալիորեն կմեծացներ միասնաբար հանդես գալու հավանականությունը: Սակայն Րաֆֆին, ինչպես հայտնի է, հրաժարվել է գլխավորել ցուցակը՝ համարելով, որ ինքն ընտրված նախագահ է: Այդ դեպքում նա պետք է պատրաստ լիներ հանուն իր հաղթանակի չփոշիացման՝ այլ ուժերի հետ միավորվել՝ պայմանով, որ այդ միավորումը կարող է առաջնորդել նաև «Ժառանգությունը» չներկայացնող որևէ գործիչ: Այն պարզ պատճառով, որ «Ժառանգությունում», իրենից բացի, չկա մեկը, ով կարող է հավակնել նման կարգավիճակի:

Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության ձևաչափի հարցն, անշուշտ,  ցանկացած կուսակցության, այդ թվում՝ նաև «Ժառանգության» գործն է: Պարզապես, երբ նման կերպ է վարվում ուժը, որի առաջնորդը մոտ մեկ ամիս շարունակ խոսում է համազգային համախմբման, վերկուսակցական միավորման, համազգային պայքարի մասին, առնվազն տարակուսելի է: Դա կարող է հանգեցնել ոչ միայն «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակության կորստին, այլ նաև նախագահական ընտրություններից հետո ձևավորված հասարակական շարժման, հանրային վստահության ռեսուրսի փոշիացմանը՝ ապահովելով իշխանության անցնցում վերարտադրությունը Երևան քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս