Եվրոպական փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է

Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,- գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Կարգավիճակի մասին համաձայնագիրը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս